Կունենանք աննախադեպ՝ 94 մլրդ դրամի պահուստային ֆոնդ. Վահե Հովհաննիսյանը՝ 2024-ի պետբյուջեի մասին |1lurer.am|
11:03 - 15 նոյեմբերի, 2023

Կունենանք աննախադեպ՝ 94 մլրդ դրամի պահուստային ֆոնդ. Վահե Հովհաննիսյանը՝ 2024-ի պետբյուջեի մասին |1lurer.am|

1lurer.am: Չհաշված ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նախատեսվելիք միջոցները՝ մենք կունենանք աննախադեպ՝ 94 միլիարդ դրամի մակարդակի պահուստային ֆոնդ: Այդ մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեն ներկայացնելիս ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Սա բավարար կլինի ապահովելու հիմնական ռիսկերի կառավարումը և ապահովելու բոլոր ծախսային պարտավորությունների կատարումը և ծրագրերի իրականացումը նույնիսկ լուրջ ցնցումների դեպքում»,- ընդգծեց նախարարը:

Բյուջեի դեֆիցիտը կկազմի 340 միլիարդ դրամ կամ համախառն ներքին արդյունքի 3,2 տոկոսը, որի հետևանքով պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թվականի վերջին կկազմի 48,4 տոկոս:

«Այսպիսի մակարդակում պարտքի պահպանումը հնարավորություն է ընձեռում պահպանել ՀՀ Կառավարության վարկանիշի դրական միտումները, ստեղծել լրացուցիչ կայունության պաշար ապագա հնարավոր ռիսկերին դիմակայելու համար, ինչպես նաև բյուջեից պարտքի դիմաց վճարվող տոկոսավճարների կառավարելի և զարգացման համար անհրաժեշտ ծախսերը դուրս չմղող մակարդակ»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ հայկական դրամով արտահայտված պարտքի կշիռը ՀՀ Կառավարության հետևողական ջանքերի շնորհիվ կշարունակի կայուն բարելավումը 2024-ին՝ կազմելով շուրջ 44 տոկոս, որը էապես կմեղմի պարտքի զգայունությունը՝ արտարժույթի փոխարժեքի հնարավոր տատանումների նկատմամբ:

«Այս տեսանկյունից կարևոր է նշել մեր կողմից վերջին շրջանում մեկնարկած կարևոր պարտքային գործառնություններից մեկը՝ 2025 թվականին մարման ենթակա համեմատաբար բարձր տոկոսադրույքով արտարժույթով եվրոբոնդի մասնակի հետգնումը, որը էական ազդեցություն կունենա ինչպես փոխարժեքի, այնպես էլ վերաֆինանսավորման ռիսկերի վրա»,- ասաց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել