factor.am: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է, այս մասին Factor.am-ին հայտնեց նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Փաստաբանի խոսքով՝ երկու օր է՝ իրենք ինքնակամ ներկայանում են իրավապահ մարմիներին, սակայն, իրենց հրաժարվել են ընդունել և միայն այսօր տեղեկացել են, որ առկա է ձերբակալման որոշում։
«Բնականաբար, սա արվում է բացառապես կալանավորման համար հիմք ստեղծելու տեսանկյունից», – հավելեց Կոչուբաևը։
Երեկ ԱԺ-ի բակում միջադեպ է տեղի ունեցել իշխող կուսակցության պաշտոնաթերթ Civic.am լրատվամիջոցի լրագրող Դավիթ Լևոնյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի միջև։ Ըստ լրագրողի՝ Քոչարյանի օգնականն իրեն հարվածել և հայհոյել է իր մասնագիտական գործունեության շրջանակում հրապարակված մի տեսանյութի պատճառով, որն առնչվում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։
ՔՊ-ին պատկանող Civic.am-ի յութուբյան ալիքում հրապարակվել էր մի տեսանյութ, որում լրագրողը պնդում էր, թե Տավուշի թեմի առաջնորդը ԿԳԲ-ի գործակալ է, միլիոնավոր դոլարներ է ստանում Կրեմլից, որպեսզի պատերազմ հրահրի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։
Ավելի ուշ ՔԿ-ն տեղեկացրեց, որ լրագրողի ներկայացրած հաղորդման առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Լրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող։
comment.count (0)