armeniasputnik.am: ՀՀ բուհերում կուսակցական պատկանելություն չպետք է լինի, դա չի նշանակում, որ որոշ կուսակցություններ ու քաղաքական խմբեր պետք է գաղտնի բջիջներ ստեղծեն այնտեղ, ու բուհերը սարքեն քաղաքական գործիքակազմի մաս։ ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա պատասխանեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի այն հարցին, որ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր, որ բուհերում կուսակցական պատկանելություն չպետք է լինի, մինչդեռ պատկերն այլ է, քանի որ բոլոր բուհերի կառավարման խորհուրդների նախագահները կա՛մ կուսակցական են, կա՛մ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ։
ՀՀ վարչապետը իր խոսքում մեջբերեց Լիլիթ Գալստյանի ելույթի մի ձևակերպում` նշելով. «Դուք ասացիք, որ ձեզ դասաժամեր չեն տվել Ձեր իսկ քաղաքական վարքագծի համար։ Դուք չասացիք` իմ հայացքների կամ կուսակցական պատկանելության համար, այլ խոսեցիք վարքագծի մասին։ Այսինքն, ստացվում է` Դուք Ձեր հարցին պատասխանեցիք։ Իսկ ո՞վ է ասել, որ այդ հնարավորությունը պետք է չարաշահվի ու օգտագործվի ընդդեմ նպատակի, իսկ ՀՀ կառավարությունն էլ պետք է լուռումունջ հետևի»,- հայտարարեց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է բուհերի կառավարման խորհուրդների նախագահներին, ապա նա նշեց, որ բոլոր բուհերը ՀՀ կառավարության կողմից հիմնադրված մարմիններ են, ու հենց ՀՀ կառավարությունն ունի ամենամեծ լիազորությունը նրանց այսօրվա ու վաղվա օրվա համար։
comment.count (0)