էներգետիկ անվտանգության գոտիներում կառուցապատման խախտումները վերացնելու հարցերով Լոռու մարզի դատախազը դիմել է Լոռու մարզպետին |factor.am|
11:24 - 13 նոյեմբերի, 2019

էներգետիկ անվտանգության գոտիներում կառուցապատման խախտումները վերացնելու հարցերով Լոռու մարզի դատախազը դիմել է Լոռու մարզպետին |factor.am|

factor.am:  Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ դեպքերում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) կողմից օրինականացվել են ինքնակամ կառույցներ, որոնք կառուցվել են էլեկտրաէներգիայի փոխանցման հոսանքալարերի անցման՝ էներգետիկ անվտանգության գոտիներում՝ իրական սպառնալիք ստեղծելով այնտեղ բնակվող մարդկանց կյանքի և առողջության համար։

Դեռևս 2009թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների հետ համատեղ ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ էլեկտրաանվտանգությանը վերաբերող խնդիրները գույքագրելու, անվտանգության գոտիներում ընթացող ապօրինի շինությունների կառուցումը կանխելու նպատակով։

Լոռու մարզում ստեղծված աշխատանքային խմբերը ուսումնասիրություններ են կատարել մարզի վարչական տարածքում գտնվող յոթ համայնքներում: Արդյունքում, պարզվել է, որ, մասնավորապես, Ստեփանավան համայնքում էներգետիկ անվտանգության գոտում տարբեր խախտումներով կառուցված է 73 կառույց, որից 71-ի դեպքում հետագայում խախտումների վերացման ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել։ Ավելին, որոշ դեպքում, առանց խախտումները վերացնելու, ՏԻՄ-երի կողմից իրականացվել են այդ գոտիներում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացներ:

Պարզվել է, որ օդային գծի անվտանգության գոտիների խախտումը հնարավոր է վերացնել նաև առանց շինությունն ապամոնտաժելու, ինչի համար անհրաժեշտ է այդ հատվածով անցնող էլեկտրահաղորդման օդային գիծը փոխարինել էլեկտրահաղորդման մալուխային գծով կամ համապատասխան հատվածներում էլեկտրահաղորդման գծերի տարանցում ապահովել:

«ՀԷՑ» ՓԲԸ-ից ստացված գրության համաձայն, հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգ շահագործումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 1102-Ն որոշումը, օդային գծերի անվտանգության գոտիների խախտումը պետք է վերացվի թույլտվություն տված ՏԻՄ-ի և/կամ խախտում կատարած անձի սեփական միջոցների հաշվին՝ վերջինիս ցանկությամբ։

Նկատի ունենալով, որ մարզի համայնքներում հայտնաբերված էլէներգիայի օդային գծերի էներգետիկ անվտանգության գոտիների խախտումները վերացնելու ուղղությամբ ՏԻՄ պաշտոնատար անձանց կողմից տևականորեն միջոցառումներ չեն ձեռնարկվել և արդյունքում չեն չեզոքացվել այդ խախտումների պատճառով նշված գոտիներում բնակվող մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին, ինչպես նաև շրջակա միջավայրին սպառնացող վտանգները՝ մարզի դատախազ Գարեգին Մանուկյանը միջնորդագիր է ներկայացրել Լոռու մարզպետին: Դատախազն առաջարկել է ՏԻՄ-երին պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ մարզպետարանի իրավական և մասնագիտական հսկողության շրջանակներում միջոցներ ձեռնարկել նրանց կողմից նմանատիպ երևույթները բացառելու, էներգետիկ անվտանգության գոտիների խախտմամբ ինքնակամ կառույցների հետագա օրինականացումը բացառելու և այս ոլորտում հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ: Իսկ օրենսդրությանը հակասող որոշումների առկայության դեպքում՝ համայնքի ավագանուն և ղեկավարին առաջարկել վերացնել կամ փոփոխել դրանք։

Միջնորդագրով մարզի դատախազը նաև առաջարկել է դիտարկել մարզպետարանի իրավասության շրջանակում, ՏԻՄ-երի և ՀԷՑ-ի միջև համագործակցություն ապահովելով, այդ գոտիներում գտնվող մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, էլեկտրաէներգիայի օդային գծերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ համալիր միջոցառումներ իրականացնելու հնարավորությունը։ 

 

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել