Երևանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնություն տրամադրելու փաստաթուղթը
 |civilnet.am|
14:07 - 20 նոյեմբերի, 2023

Երևանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնություն տրամադրելու փաստաթուղթը |civilnet.am|

civilnet.am: Երևանը ՀԱՊԿ գործընկերներին խնդրել է նոյեմբերի 23-ի նիստի օրակարգից հանել Հայաստանին օգնություն տրամադրելու փաստաթուղթը։ Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է Belta-ն։

«Հայկական կողմը, չնայած մյուս բոլոր դաշնակիցները սատարել են այդ որոշմանը, որևէ հետաքրքրություն չի հայտնել այդ փաստաթղթի նկատմամբ և ավելին, մեր աշխատանքի ավարտական մասում նրանք խնդրել են այն ընդհանրապես հանել օրակարգից»,- ասել է Կազմակերպության գլխավոր քարտուղարը։

2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հարձակվել էր Հայաստանի վրա։ Նույն օրը Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։

2022-ի նոյեմբերի 24-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։

Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցել նաև հոկտեմբերի 13-ին Բիշքեկում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Արտգործնախարար Արարատ Միրզոյանի փոխարեն էլ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում անցկացված ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցել էր ԱԳ նախարարի տեղակալը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս չէր մասնակցել նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել