«Սու-25»-ի աղետի նախաքննությունը շարունակվում է, նշանակվել է համալիր, հանձնաժողովային փորձաքննություն |hetq.am|
10:25 - 13 նոյեմբերի, 2019

«Սու-25»-ի աղետի նախաքննությունը շարունակվում է, նշանակվել է համալիր, հանձնաժողովային փորձաքննություն |hetq.am|

hetq.am: 2018-ի դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզի Քարաբերդ բնակավայրի մոտ աղետի ենթարկված «Սու-25» ուսումնամարտական ինքնաթիռի գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին ՀՀ օդուժի «Սու-25ՈւԲԿ» ինքնաթիռը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք կատարելու նպատակով առավոտյան 10:06-ին Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դուրս էր եկել թռիչքային երթուղի, սակայն արդեն 10:20-ի սահմաններում կապն օդանավի հետ կորել էր: Մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում Քարաբերդ գյուղի հարեւանությամբ հայտնաբերվել էին կործանված ինքնաթիռի մնացորդները: Օդաչուները՝ 44-ամյա փոխգնդապետ, 1-ին կարգի օդաչու Արմեն Սլավիկի Բաբայանը եւ 31-ամյա մայոր, 3-րդ կարգի օդաչու Մովսես Գեւորգի Մանուկյանը զոհվել էին:

 Քննչական կոմիտեն ՔՕ 378 հոդվածի 2-րդ մասով հարուցել էր քրեական գործ: Ըստ այս հոդվածի՝ «ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման այլ կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով»:

Նախաքննություն իրականացնում է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունը: Ն. Հարությունյանը մեզ հայտնել է, որ նախաքննությունը շարունակում է ընթանալ այս հոդվածի շրջանակներում:

 Ինչպես գրել էինք, գործի քննության ընթացքում նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, որոնցից դատագենետիկական փորձաքննությամբ հաստատվել էր դեպքի վայրում հայտնաբերված մարմնի մասերի պատկանելությունը օդաչուներ Արմեն Բաբայանին եւ Մովսես Մանուկյանին:

Թռիչքից առաջ՝ նախաթռիչքային սպասարկման ժամանակ, վառելիքի մաքրությունը ստուգելու նպատակով վերցվել էր փորձանմուշ, որն իրավապահները նույն օրը՝ դեկտեմբերի 4-ին, առգրավել էին: Այդ նմուշով նշանակվել էր դատանյութագիտական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել էր Ստանդարտների ազգային ինստիտուտի մասնագետներից նշանակված փորձագետներին: Ստացված եզրակացության համաձայն՝ նմուշի փորձաքննությամբ պարզվել էր, որ սառեցման ջերմաստիճանի, մեխանիկական խառնուկների եւ ջրի, մասազատիչ կազմի, բռնկման ջերմաստիճանի, ընդհանուր ծծմբի զանգվածային բաժնի եւ խտության ցուցանիշներով նմուշը համապատասխանում է ռեակտիվ շարժիչի վառելիքին ներկայացվող պահանջներին:

Վառելիքի այդ նույն նմուշով և դեպքի վայրի 4 հատվածներից վերցված հողի նմուշներով նշանակվել էր դատանյութագիտական և հրդեհատեխնիկական համալիր փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ 3 հատվածներից վերցված հողի նմուշներում հայտնաբերվել էին բաց նավթամթերքներին բնորոշ պիկեր: Պարզվել էր, որ հետազոտության ներկայացված նավթամթերքը և հողերում առկա նավթամթերքի հետքերն ունեն ընդհանուր սեռային պատկանելություն:

 Նաիրա Հարությունյանը «Հետքին» տեղեկացրել է, որ քրգործով նշանակվել է նաև դատաավիաինժեներատեխնիկական, դատահետքաբանական, դատապայթյունատեխնիկական և դատաբժշկական համալիր, հանձնաժողովային փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել:

 ՔԿ աշխատակցի փոխանցմամբ՝ քրգործում ներգրավված մեղադրյալներ չկան:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել