Լուսային ու ձայնային գեղեցիկ շոու ծրագրի ընթացքում թատերական և պարային տպավորիչ ներկայացմամբ նախ պատմական ակնարկ է կատարվել Մեծ Հայքի թագավորության արքա Վարազդատ Արշակունուն, կռփամարտում (բռնցքամարտ) գրանցած նրա հաջողություններին, մասնավորապես` Հին Հունաստանում 394 թվականին տեղի ունեցած անտիկ Օլիմպիական խաղերում նրա հաղթանակին, ապա անդրադարձ է կատարվել մարզաձևի պատմությանը, ինչպես նաև Հայաստանի պատմամշակութային ժառանգությանն ու տեսարժան վայրերին:
Այնուհետև, բռնցքամարտի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմում անդրադարձ է կատարվել տարբեր ժամանակներում բռնցքամարտի հայ անվանի ներկայացուցիչներին, ինչպես նաև Երևանում նախորդ տարի անցկացված բռնցքամարտի մեծահասակների առաջնությանն ու այս տարվա մայիսին կայացած երիտասարդների ԵԱ-ին:
Ֆիլմին հաջորդել է առաջնությանը մասնակցող երկրների դրոշների շքերթը. Հայաստանի դրոշակակիրը Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող Տիգրան Հովսեփյանն էր:
Մարզիկների անունից երդման արարողությունն իրականացրել է պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն Հայկ Ղահրամանյանը, իսկ մրցավարների անունից՝ միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը բարի գալուստ և ազնիվ պայքար է մաղթել առաջնության մասնակիցներին: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ այն, որ վերջին երկու տարում Հայաստանում 6 մարզաձևերից անցկացված միջազգային մրցաշարերից 3-ը բռնցքամարտ մարզաձևից են, պատահական չէ, և բռնցքամարտն ամենասիրելիներից է Հայաստանում:
«Վարազդատ Արշակունի արքայի՝ անտիկ Օլիմպիական խաղերի չեմպիոնությունից հետո 1956 թվականին Մելբուռնում արդեն ժամանակակից Օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակվեց Վլադիմիր Ենգիբարյանը: Հայ բռնցքամարտիկներ Իսրայել Հակոբկոխյանն ու Նշան Մունչյանը դարձել են աշխարհի չեմպիոններ, ունենք Եվրոպայի շուրջ երկու տասնյակ չեմպիոններ: Այսօր Երևանը դարձել է աշխարհի 60 երկրի շուրջ 600 բռնցքամարտիկների թատերաբեմ: Առաջիկա օրերի ընթացքում բոլոր մարզիկներին մաղթում եմ ազնիվ և հաղթական պայքար ռինգում, ինչպես նաև հաճելի ու հետաքրքիր ժամանց մեր երկրի տեսարժան վայրերում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Ներկաներին ողջունել է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը.
«Շնորհակալություն եմ հայտնում IBA-ին այս մեծ մրցաշարի անցկացումը մեր երկրին վստահելու, ինչպես նաև Հայաստանի կառավարությանը՝ առաջնության կազմակերպման հարցում մեր կողքին կանգնելու համար: Ամեն ինչ արել ենք, որ այս առաջնությունն ընթանա բարձր մակարդակով»:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև բռնցքամարտի Եվրոպական ֆեդերացիայի նախագահ Յանիս Ֆիլիպատոսը՝ նախևառաջ շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը՝ առաջնության անցկացման համար ներդրած ջանքերի համար.
«Ինչպես միշտ, ողջույն, Հայաստա՛ն: Շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: ՀՀ կառավարությունը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան վերջին երկու տարում անցկացրել են Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների լավագույն առաջնությունը: Շնորհակալ եմ աջակցության համար: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ: Եկեք ռինգում պայքարենք իսկական սպարտացիների նման, բայց ռինգից դուրս հարգենք միմյանց, մրցակիցներին և պահենք ազնիվ խաղի կանոնները: Մենք ներկայացնում ենք ամենահին օլիմպիական մարզաձևը, և մեր ընտանիքը տարեցտարի ընդլայնվում է»:
Տեսաուղերձով մարզիկներին ողջունել և հաջողություն է մաղթել նաև IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը առաջնության անցկացման և հսկայական ջանքերի համար:
Հիշեցնենք՝ շուրջ 60 երկրի 600 բռնցքամարտիկներ ավելի քան 10 օր Հայաստանում կպայքարեն բաղձալի մեդալների համար. 15-16 տարեկան բռնցքամարտիկները կմրցեն տղաների և աղջիկների 13-ական քաշային կարգերում:
Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ աշխարհի պատանեկան առաջնությանը կմասնակցեն Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ) և Տիգրան Խաչատրյանը (+80 կգ):
Աղջիկների պայքարում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ՝ 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 52 կգ քաշային Քրիստինե Թորոսյանը և 54 կգ քաշային Էլեն Պապյանը:
comment.count (0)