Հայ ժողովրդի հզորությունը տեսանելի է. Հունաստանի նախագահն այցելել է Մատենադարան |factor.am|
10:26 - 06 նոյեմբերի, 2019

Հայ ժողովրդի հզորությունը տեսանելի է. Հունաստանի նախագահն այցելել է Մատենադարան |factor.am|

factor.am: Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ նոյեմբերի 6-ին այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան: Նրան ուղեկցում էր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Հունաստանի նախագահին դիմավորեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Շրջայցի ընթացքում Պրոկոպիոս Պավլոպուլոսին ներկայացվեցին ցուցասրահներում ցուցադրված ձեռագրերի նմուշները:

Շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը կիսվեց իր տպավորություններով: Նա նշեց, որ ձեռագրերի այս կենտրոնը շատ արժեքավոր թանգարան է:

«Այն ներկայացնում է ոչ միայն հայկական, այլ մարդկային մշակույթը: Տեսնում ենք հայոց լեզվի, հայոց գրերի ճանապարհը, թե ինչքան տպավորիչ է: Այն, ինչ այստեղ տեսանք մեծ ներդրում է ընդհանուր մարդկության մշակույթում: Հայերենը, հայ գրողները նպաստեցին, որ թարգմանվի հունական գրականությունը: Այս թանգարանը մեծ կարևորություն ունի: Այդ իմաստով, կարծում եմ, որ Մատենադարանն ընդհանուր մարդկության մշակույթի կենտրոն է: Ինձ հուզեց այն մեծ ձեռագիրը, որ ձեր նախնիները ցեղասպանության ընթացքում դուրս են բերել և փրկել ոչնչացումից: Նրանք ամեն ինչ արել են, որ այդ վայրագություններից փրկեն ձեռագրերը: Դա ցույց է տալիս հայ ժողովրդի հզորությունը»,- ասաց Հունաստանի նախագահը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել