news.am: ՀԱՊԿ անդամ պետությունները մեծ նշանակություն են տալիս ահաբեկչության դրսեւորումների կանխման միջոցներին։ Այս մասին լրագրողներին Երեւանում նոյեմբերի 5-ին ասաց Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը։
Ի պատասխան այն հարցի, թե կարելի է արդյոք Հայաստանի Տավուշի մարզի խաղաղ բնակիչների վերջերս տեղի ունեցած գնդակոծումն Ադրբեջանի զինված ուժերի կողմից որակել որպես ահաբեկչության դրսեւորում, եւ ինչպես ՀԱՊԿ-ը կարձագանքի դրան, Զատուլինն ասաց, որ այսօրվա նիստում քննարկվել է լարվածության աճի հարցը ղարաբաղյան հակամարտության գոտում։
Նա նշեց, որ եթե Երեւանը անհրաժեշտ է համարում քննարկել Ադրբեջանի կողմից իր տարածքի գնդակոծման խնդիրը ՀԱՊԿ անդամ երկրների նիստերի շրջանակում, ապա նա դրա իրավունքն ունի։
«Բայց ես չեմ լսել, որ պաշտոնական Երեւանն այդ հարցը մտցնի քննարկումների օրակարգ»,- ասել է Պետդումայի պատգամավորը՝ հիշեցնելով, որ ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները միմյանց հանդեպ որոշակի պատասխանատվություն են կրում։
Կոնստանտին Զատուլինն ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանը համարում է իր դաշնակիցը, եւ իրական սպառնալիքի դեպքում Մոսկվան պատրաստ է գործադրել ՀԱՊԿ մեխանիզմը նրա պաշտպանության նպատակով։ «Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական 102-րդ ռազմակայանը, որն այստեղ գեղեցկության համար չի տեղակայված»,- ամփոփել է պատգամավորը։
comment.count (0)