ԱԳ փոխնախարարն Իռլանդիայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
10:21 - 31 մայիսի, 2025

ԱԳ փոխնախարարն Իռլանդիայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Մայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Բեննոնին (նստավայրը՝ Սոֆիա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Իռլանդիայի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն ընդգծել է, որ կներդնի առավելագույն ջանքերը երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու և երկկողմ օրակարգը հարստացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իռլանդիայի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ քաղաքական երկխոսության և խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը, տնտեսական, հաղորդակցությունների, տուրիզմի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում փոխգործակցության առաջմղմանն ուղղված քայլերը:

ԱԳ նախարարի տեղակալը նաև անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերին ու առկա զարգացումներին ու ներկայացրել՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունն՝ ուղղված հարաբերությունների ամրապնդմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել