Հեղափոխությունից հետո ժողովրդի հիմնական ակնկալիքները լիարժեք չեն իրականացվել․ Փաշինյան |armenpress.am|
12:23 - 06 դեկտեմբերի, 2023

Հեղափոխությունից հետո ժողովրդի հիմնական ակնկալիքները լիարժեք չեն իրականացվել․ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանում արդարության հաստատման, կոռուպցիայի վերացման խնդրին։ Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի(փոփոխված տարբերակ) քննարկման ժամանակ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյան նշեց, որ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն իրականացրած ժողովրդի ամենամեծ ակնկալիքը արդարությունն էր, կոռուպցիայի վերացումը Հայաստանի Հանրապետությունից։

«Պետք է ցավով արձանագրեմ, որ ակնկալիքները շարունակում են մնալ իրենց տեղում, ինչը նշանակում է, որ դրանք իրականացված չեն առնվազն լիարժեք։ Բայց ի՞նչ է սա նշանակում։ Ի՞նչու այդ ակնկալիքները իրականացված չեն։ Արդյոք նշանակո՞ւմ է, որ կառավարությունը դավաճանել է հեղափոխության սկզբունքներին և արժեքներին։

Որքան էլ տարօրինակ թվա, այս հարցին պատասխանելուց առաջ նախ պետք է պատասխանել մեկ ուրիշ հարցի։ Ի՞նչ է արդարությունը, արդարադատությունը, ի՞նչպես է  այն արտահայտվում կամ ի՞նչպես պետք է արտահայտվի։

2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո շատերն էին ակնկալում, որ տեղի է ունենալու հեղափոխական արդարադատություն։ Այսինքն՝ հրապարակներում դատավճիռներ են կայացվելու և իրականացվելու, այդ թվում՝ գույքերի բռնագանձմամբ, ընդհուպ կոնկրետ անձանց կոնկրետ ձևերով պատժելով՝ այն, ինչ ֆրանսիական հեղափոխության ժամանակ անվանում էին տեռոր։ Մենք դրան չգնացինք մի պարզ պատճառով, որ մենք ոչ թե Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն էինք արել, այլ սիրո և համերաշխության հեղափոխություն ու խոստացել էինք, որ Հայաստանում վենդետաներ չեն լինելու։ Սա կարևոր նրբություն է, որովհետև ինչպես արդարությունը, այնպես էլ վենդետաների գործելակերպ չորդեգրելը մեր հեղափոխական պարտավորությունն է ժողովրդի առաջ»,- ընդգծեց վարչապետը։

Նրա խոսքով՝ քաղաքացիների մոտ բնական հարց է ծագում, թե իշխանությունը ինչպես  է պատրաստվում իրականացնել այդ թվացյալ իրար հակասող երկու պարտավորությունը՝ վենդետաներ չանել և երկրում հաստատել արդարություն։

«Ահա այստեղ է, որ սկզբունքային նշանակություն է ստանում առաջին հայացքից պարզունակ թվացող հարցը՝ ի՞նչ է արդարությունը, ի՞նչպես և ո՞րտեղ է որոշվում արդարությունը կամ արդարադատությունը։ Մեր մոտեցումը եղել է և շարունակում է մնալ նույնը՝ արդարադատությունը որոշվում է ինստիտուտներում, որոնք արդարադատություն հաստատելու իրավասություն ունեն և գործում են օրենքի և Սահմանադրության հիման վրա։ Արդարադատությունը ինստիտուցիոնալ երևույթ է, և իմ համոզմունքը եղել և մնում է այն, որ այն, ինչ ինստիտուցիոնալ չէ՝ արդարություն չի կարող լինել։ Հակառակ դեպքում մեկը արդարադատություն կարող է համարել մյուսին շքամուտքում գնդակահարելը, երկրորդը՝ մյուսի ծնոտը ջարդելը, երրորդը՝ մյուսի բիզնեսում փայ մտնելը, չորրորդը՝ սեփականությունը ձեռքից առնելը։ Սա ոչ միայն չի կարող լինել արդարություն, եթե նույնիսկ հանրային կարծիքով արդար համարվի, այլև պետության և պետականության խարխլման ուղիղ ճանապարհ է, պետություն ունենալու կամքի բացակայության բարձրագույն արգասիք»,- եզրափակեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել