Ես կարծում եմ՝ ընդդիմադիրները պետք է ներողություն խնդրեն, որովհետեւ էդ ամենը իրենց գործունեության, լկտիության, պահվածքի հետեւանք է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան հարցի՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին «համբալ» անվանելու համար չպիտի՞ ներողություն խնդրի․
«Էդ լարվածության աստիճանն անընդհատ բարձրանում է, սկզբից սկսում են քեզ ընդհատել, հետո սկսում են դու-ով խոսել, հետո սուտ խոսել, հետո սկսում են բղավել, հետո կոլեկտիվ բղավել։ Ձեզ թվում է՝ եկանք, կանգնեցինք, ասեցինք՝ «մատոռ, ռեք», ու սկսեցինք իրար վրա գոռա՞լ։ Վարչապետն էլ, ես էլ, բոլորս էլ մարդ ենք, մսից, արյունից ենք, եւ համբերություն ունենք»,- ասաց Սիմոնյանը։
Խոսելով խորհրդարանում առկա լարվածության մասին, Ալեն Սիմոնյանը շարունակել է․
«Հիմա մենք երկու քարի արանքն ենք՝ դառնալ դեսպո՞տ, բռնապե՞տ՝ բավարարելով այսօրեական, ժողովրդի պահանջը, երբ բառացի, անուններ տալով՝ ասում են՝ հերիք եղավ, տարեք քցեց բանտ դրանց։ Մարդկանց կոկորդին է հասել։ Էդ մարդիկ [նկատի ունի ընդդիմադիրներին] գառների դիմակները հագնում են՝ գայլ լինելով, նստում են ստեղ, ասում՝ բա չիմացաք, տարան, մարդուն 12 ժամ պահեցին, բա սա անելու բա՞ն ա, բայց իրա ձեռքը արյան մեջ ա։ Էն փողը, որով իրենք լրատվամիջոցներ են առնում, ծախսում ընտրություններին, էդ փողը հոր տնից ե՞ն բերել, եկել են Հայաստանից են գողացել»։
comment.count (0)