Կա՛մ պայմանագիրը կսահմանի երկու փոքրամասնությունների իրավունքները, կա՛մ ընդհանրապես չենք խոսի այդ մասին․ Ալիև |azatutyun.am|
18:11 - 06 դեկտեմբերի, 2023

Կա՛մ պայմանագիրը կսահմանի երկու փոքրամասնությունների իրավունքները, կա՛մ ընդհանրապես չենք խոսի այդ մասին․ Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն պահանջում է Երևանից երաշխիքներ, որ ռևանշիզմի փորձեր չեն լինի, այդ հայտարարությամբ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել «Ղարաբաղ. Վերադարձ տուն 30 տարի անց. Նվաճումներ և բարդություններ» խորագրով Բաքվում տեղի ունեցած համաժողովում:

Այն, ըստ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության, համատեղ կազմակերպել են Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիան և «Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոն» հաստատությունը:

Միջոցառմանը ներկա են երեսուն երկրներից ժամանած վեց տասնյակ փորձագետներ: Նրանց հետ զրույցում Իլհամ Ալիևը ներկայացրել է պաշտոնական Բաքվի տեսակետը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի, միջազգային դերակատարների և այսօր քննարկվող բուն նախագծի վերաբերյալ: Այն, ի դեպ, առանձնապես ծավալուն չէ:

«Մի 6-7 էջ է, հոդվածների թիվը 20-ի էլ չի հասնում»,- ասել է Ալիևը, որը փաստաթղթի համաձայնեցման ձգձգման համար մեղադրում է բացառապես հայկական կողմին:

Նրա պնդմամբ՝ «Երևանը 70 օր չի արձագանքել Բաքվին» և, ի վերջո, պատասխանը տվել է միայն այն բանից հետո, երբ այդ մասին ահազանգել է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը: Հետևաբար, ըստ Ալիևի, միջազգային հանրությունը պետք է ընդունի, որ հայերն են հետաձգում գործընթացը:

«Ինչո՞ւ էին հայերը հետագձում, դա նրանց սխա՞լն էր, թե՞ գուցե դա նրանց եվրոպացի նոր բարեկամների խորհուրդն էր, չեմ կարող դատել, կարող եմ միայն կասկած հայտնել»,- ասել է Ալիևը:

Նա իր մեկնաբանություններում մի քանի անգամ ակնարկներ է արել «Հայաստանի եվրոպացի նոր բարեկամների» մասին, և, ամենայն հավանականությամբ, ակնարկները հասցեագրված էին Ֆրանսիային:

Իլհամ Ալիևի խոսքով՝ Բաքուն վերջապես ստացել է հայկական կողմի գնահատականը: Հիմա այն վերլուծում է ադրբեջանական կողմը:

«Մենք կուղարկենք մեր արձագանքը, և դրանից հետո հնարավոր կլինի արտաքին գործերի նախարարների հանդիպումը»,- նշել է նա:

Նրա հավաստիացմամբ՝ «Ադրբեջանը ցանկանում է, որ երկու երկրների միջև ընդհանրապես պատերազմ չլինի», սակայն դրա համար անհրաժեշտ են երաշխիքներ. - «Հայերը պետք է մոռանան այսպես կոչված «ԼՂՀ» պատմության մասին և անցնեն սահմանազատման գործընթացին»:

Ըստ Ալիևի՝ Ադրբեջանն է եղել խաղաղության գործընթացի նախաձեռնողը: Առաջին փուլում հայկական կողմը ջանքեր է գործադրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը պայմանագրի նախագծում ներառելու համար, ինչը Բաքուն մերժել է:

«Մեր դիրքորոշումն էր չանդրադառնալ այս հարցին, և տարածքային ամբողջականության ճանաչումը պետք է լինի փոխադարձ։ Ուստի, մենք ասացինք, որ եթե տեքստում ներառված է Ադրբեջանում հայկական փոքրամասնության հարցն, ապա նույն կերպ այնտեղ պետք է ներառվի նաև Հայաստանից վտարված ադրբեջանցիների հարցը։ Նրանք էլ պետք է վերադառնան Հայաստան, ապրեն այնտեղ, նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է լիովին ապահովվի», - նշել է Ադրբեջանի ղեկավարը։

Նա պնդել է՝ ինչպես Ադրբեջանում, հայ փոքրամասնության իրավունքները կապահովվեն։

«Ցավոք, հայկական կողմը մերժեց դա։ Սա անտրամաբանական էր, քանի որ մենք ոչ մի արտասովոր բան չէինք առաջարկում: Մենք միայն առաջարկել ենք պահպանել փոխադարձության սկզբունքը։ Մյուս տարբերակը թեմային ընդհանրապես չանդրադառնալն է: Կա՛մ խաղաղության պայմանագիրը կսահմանի երկու փոքրամասնությունների իրավունքները, կա՛մ մենք ընդհանրապես չենք խոսի այդ մասին»,- ասել է նա։

Ադրբեջանի ղեկավարը նշել է նաև, թե անպայման չէ կնքվի խաղաղության պաշտոնական փաստաթուղթ: Նա այդ առումով հիշատակել է նախկին ԽՍՀՄ-ի և ներկայիս Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները Ճապոնիայի հետ, ասելով, որ նախքան ռուս-ուկրաինական հակամարտությունն այդ երկու երկրները, ի պաշտոնե չստորագրելով խաղաղության պայմանագիր, սերտորեն համագործակցել են ամենատարբեր բնագավառներում:

Ալիևը խոսել է նաև պաշտոնական Երևանի և հայոց ընդդիմության մոտեցումների մասին:

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն առանձապես չէր տարբերվում նախագահներ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի դիրքորոշումներից: Փաշինյանն էլ չէր ցանկանում գոնե մեկ սանտիմետր տարածք զիջել, և պարզապես Ադրբեջանն է նրան դա պարտադրել, ասել է Ալիևը։

Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել