Գիտնականները կատեստավորվեն գնահատման նոր մեխանիզմներով
 |armenpress.am|
12:49 - 21 դեկտեմբերի, 2023

Գիտնականները կատեստավորվեն գնահատման նոր մեխանիզմներով |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ինչպես գիտեք, էապես ավելացել է գիտության ոլորտի ֆինանսավորումը, և առաջնահերթ խնդիր է նաև դրա որակի և արդյունավետության մասին մտածելը։ Ֆինանսավորման ավելացման կարևոր ուղղություն է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումը, որը մեկնարկել է 2022 թվականի հունվարի 1-ից, և դրա արդյունքում արդեն իսկ էական բարձրացում է գրանցվել՝ միջինում 174 տոկոսով 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ։

Ընդ որում, վարձատրության բարձրացումը իրականացվում է ատեստավորման գործընթացի արդյունքում, որի նպատակն է գնահատել գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրա ստացած գիտական արդյունքները, ինչպես նաև պարզել գիտական աշխատողի մասնագիտական որակի համապատասխանությունն իր զբաղեցրած պաշտոնին։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ ատեստավորման գործընթացը կարգավորվում էր 2001 թվականի կառավարության որոշմամբ, որը բավական հնացած էր և լիարժեքորեն չէր համապատասխանում ոլորտում իրականացվող բարեփոխումներին և ոլորտի աշխատակիցներից պետության ակնկալիքներին, ինչպես նաև չէր սահմանում կատարողականի նվազագույն քանակական չափանիշներ»,- ասաց Անդրեասյանը։

Ըստ նախարարի՝ ներկայացվող նախագծով կառավարությունը կարող է հաստատել գիտական պաշտոնների տարակարգերը, դրանցից յուրաքանչյուրի համար արդյունավետության նվազագույն պահանջները, որոնք խարսխված են գիտական կադրերի պատրաստման մեջ գիտնականների ներգրավվածության, միջազգային հեղինակավոր պարբերականներում հրապարակումների որակի և քանակի, միջազգային դրամաշնորհային ծրագրերում ներգրավվածության և դրանց ղեկավարման պայմանների վրա։

«Այսպիսով՝ դրանք ամբողջությամբ համահունչ են մի կողմից գիտության և բուհական կրթության համադրման քաղաքականությանը, մյուս կողմից՝ գիտության միջազգայնացման քաղաքականությանը, ինչպես նաև գիտության ոլորտում պետության և մասնավոր գործակցության խթանմանը, որովհետև այդ դրամաշնորհային ծրագրերում ներգրավվածության պահանջներից է նաև, որ այնտեղ չլինի միայն ֆինանսավորման պետության մասնաբաժին, այլ նաև հաշվի առնվի այլ ֆինանսավորման առկայությունը։

Արդյունավետության պահանջներից բացի, կարգով նկարագրվում են նաև տարակարգի համար պաշտոնեական պարտականությունները՝ այդպիսով նաև սահմանելով ակնկալիքների այն շրջանակը, որը պետությունը և հասարակությունը կարող է ունենալ գիտական պաշտոնների յուրաքանչյուր տարակարգից»,- ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ գիտական աշխատողների արդյունավետության նոր պայմանների հաստատումը հիմք է դառնալու 2024 թվականին համապետական ատեստավորման ծրագրի իրականացման հաստատման համար։

«Ամբողջական ատեստավորումը այս մեխանիզմով կիրականացվի 2026 թվականին, որովհետև նախորդ ատեստավորումը 2021 թվականին է եղել, և հնգամյա շրջափուլը կավարտվի այդ ժամկետում։ Դա արդեն կհանդիսանա հիմք արդյունավետության բարձր պահանջներին համապատասխանող գիտական աշխատողների տարակարգման և արդեն իսկ այդ ֆինանսավորման վերանայման համար»,- նշեց Անդրեասյանը։

Նախարարը հայտնեց, որ նախագծով սահմանվել են նաև պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողների պաշտոններ, որոնց կարող են հավակնել տարիքային կենսաթոշակի իրավունք ստացած և այդ պաշտոններին համապատասխանող աշխատողներն՝ իրենց կամքով։

«Սա հնարավորություն է ընձեռում ավելի բարձր պաշտոններում գտնվող և նախորդող տարիներին ձեռքբերումներ ունեցող կադրերի համար, որոնք կուզեն ավելի հանգիստ պայմաններում շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը ։ Սա շատ նման է եվրոպական և ամերիկյան գիտակրթական համակարգերում այսպես կոչված «emeritus professor»-ների կարգավիճակին, երբ վաստակաշատ պրոֆեսորները իրենց աշխատավարձի որոշակի մասի պահպանմամբ ձերբազատվում են նաև հիմնական պաշտոններին կցորդված պարտականությունների մի մասից։

Ատեստավորման ենթակա են դառնում գիտական ղեկավար պաշտոնները, որոնք մինչև այժմ որևէ իրավական ակտով սահմանված չէին, և դրանց ներկայացվող պահանջները անորոշ էին»,- եզրափակեց Անդրեասյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել