Ոստիկանության գվարդիայի ստեղծում, թմրամիջոցների դեմ պայքարի նոր ռազմավարություն․ ՆԳ փոխնախարարը՝ 2024-ի ծրագրերի մասին |armenpress.am|
10:46 - 29 դեկտեմբերի, 2023

Ոստիկանության գվարդիայի ստեղծում, թմրամիջոցների դեմ պայքարի նոր ռազմավարություն․ ՆԳ փոխնախարարը՝ 2024-ի ծրագրերի մասին |armenpress.am|

armenpress.am: Ներքին գործերի նախարարությունը 2024 թվականին նախատեսում է ստեղծել ոստիկանության գվարդիան, ձևավորել մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոն, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարության ընդունման միջոցով ավելի թիրախային պայքար մղել այդ ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով նախարարության 2024 թվականի ծրագրերին։

Նա նշեց, որ ներքին գործերի նախարարության ձևավորումն այս տարի գրեթե ամբողջովին ավարտվել է։

«Նախատեսված էր 2099 հաստիք, որոնց համալրման աշխատանքները գրեթե ավարտին ենք հասցրել։ Բոլոր աջակցող ֆունկցիաները, որոնք կային թե՛ ոստիկանությունում, թե՛ փրկարար ծառայությունում և թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում, ամբողջովին տեղափոխվել են ներքին գործերի նախարարության դաշտ։

Բացի այդ, մեծածավալ աշխատանքներ են տարվել ոստիկանական գվարդիայի ձևավորման ուղղությամբ։ Փաթեթն արդեն իսկ ներկայացվել է կառավարությանը։

2024 թվականին ձեռնամուխ ենք լինելու համայնքային ոստիկանության ամբողջական ձևավորմանը տարածքային մակարդակով, քրեական ոստիկանության ձևավորմանը՝ կրկին տարածքային մակարդակով։ Նաև ոստիկանության Գվարդիայի օրենքի ընդունման պայմաններում ձեռնամուխ կլինենք գվարդիայի ձևավորմանը ևս։ Կզարգանան օպերատիվ կառավարման կենտրոնի կարողությունները, և ինֆորմացիոն փոխանակումը թվային ճանապարհով այս չորս հենասյունային ուղղությունների միջև մենք արդեն իսկ կապահովենք»,- ընդգծեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ քայլեր կձեռնարկվեն ներքին գործերի նախարարության կրթահամալիրն ամբողջովին վերափոխելու ուղղությամբ, ինչը թույլ կտա բազային կուրս ունենալ թե՛ փրկարար ծառայողների համար, թե՛ ոստիկանների համար և, ըստ այդմ, կփոփոխվի կրթական պրոցեսների իրականացումը։

Սարգսյանի խոսքով՝ նախարարությունը նպատակ ունի օպերատիվ կառավարման կենտրոնը միավորել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հետ։

«Այլ կերպ ասած՝ «102»-ը կմիավորվի «911»-ի հետ, որը թույլ կտա ունենալ մեկ միասնական հեռախոսահամար մեր քաղաքացիներին համար, որով ավելի հեշտ կլինի ճգնաժամային տարբեր իրավիճակներում կողմնորոշվել և, ըստ այդմ, զանգերը փոխանցել կա՛մ փրկարար ծառայություն, կա՛մ ոստիկանություն, կա՛մ՝ ի՞նչու ոչ, արդեն մեկտեղված երկու ծառայություններին էլ ուղարկել տվյալ դեպքի վայր։

Քանի որ փրկարար ծառայությունը և ոստիկանությունն անցան ներքին գործերի նախարարության ներքո, այս առումով արդեն տեսել ենք բավականին տպավորիչ արդյունքներ, որովհետև ճգնաժամային տարբեր իրավիճակներում այս երկու ծառայությունները մեկ միասնական կառավարման ներքո շատ ավելի արդյունավետ են գործում, քան երբ տարբեր գերատեսչությունների ներքո էին»,- ասաց Սարգսյանը։

Նախարարի տեղակալը նաև անդրադարձավ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին՝ նշելով, որ  2023 թվականը հայտարարվել էր թմրամիջոցների դեմ պայքարի տարի և բավական մեծ թվով բացահայտումներ են եղել, սակայն պայքարը ավելի թիրախային դարձնելու համար մշակվել է նոր ռազմավարություն։

«Այս պահի դրությամբ վերջնականացման փուլում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարությունը, որը թույլ կտա շատ ավելի թիրախային միջոցառումներ ունենալ և մեծ տեմպով շարունակել ուժեղացված ծառայությունն այս մասով»,- եզրափակեց Սարգսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել