Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը.
«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ, շնորհավորում եմ Նոր Տարի և Սուրբ Ծնունդ: Անցած տարին լի էր կորուստներով և ձեռքբերումներով, որոնցից յուրաքանչյուրը մեր սեփական աշխատանքի կամ դրա բացակայության արգասիքն էր։ Պարզ է՝ մեր պետության և մեր ու մեր երեխաների ապագան մեր ձեռքերում է և մեր կամքի, հայրենիքին նվիրվածության, առաջադիմության և բարձր արտադրողական աշխատասիրության արդյունքն է լինելու։
2023 թվականի արդյունքում Հայաստանի մեկ մարդուն բաժին ընկնող ՀՆԱ-ն կհասնի մոտ 8280 ԱՄՆ դոլարի, Հայաստանին դասելով 196 երկրների մեջ 86-րդ տեղում (2017-ին եղել ենք 122-րդ տեղում, իսկ 2020-ին՝ 112-րդ)։ Միաժամանակ, աշխատանքի արտադրողականությունն հասել է 9.8 դոլարի (մեկ մարդու մեկ ժամվա արտադրած ՀՆԱ)։ Այնուամենայնիվ, թե մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով, թե աշխատանքի արտադրողականությամբ մենք ավելի քան 10 անգամ զիջում ենք աշխարհի ամենազարգացած երկրներին։
Աշխատանքի արտադրողականության բարձրացման շնորհիվ է միայն հնարավոր հասնել համընդհանուր բարեկեցության։ Դա պետք է անել ակտիվ համագործակցության ու փոխադարձ վստահության, նորագույն տեխնոլոգիաների, շարունակական նորարարության և անընդհատ կրթության, ինչպես նաև բիզնեսում գիտության դերի էական բարձրացման շնորհիվ։
Մաղթում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը իր խելացի աշխատասիրությամբ հեծնի հաջողության ալիքը՝ նպաստելով մեր պետության ամրապնդմանն ու մեր ժողովրդի բարեկեցությանն ու երջանկությանը»,-ասվում է շնորհավորական ուղերձում:
comment.count (0)