armenpress.am: Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել է, որ գնումների գործընթացներում կոռուպցիան նվազագույնի է հասցվել։ Գրիգոր Մինասյանն այս մասին ասել է հունվարի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ գնումների գործընթացը կատարելագործելու լավագույն միջոցը դրա թվայնացումն է և մարդուն որոշումների կայացման գործընթացից բացառելը։
« Պետք է թվայնացնենք գնումների ամբողջ գործընթացը։ Անհրաժեշտ է նաև սահմանել վերահսկողական մեխանիզմներ և հստակեցնել պատասխանատուներին, որովհետև շատ դեպքերում՝ նույնիսկ արդարադատության բլոկի մրցույթներում, դժվար է հասկանալ, թե ով և ինչի համար է պատասխանատու։ Օրինակ՝ դատարանի շենքի կառուցման մրցույթ է հայտարարվում, մի քիչ պատասխանատու է արդարադատության նախարարությունը, մի քիչ քաղաքաշինության կոմիտեն, մի քիչ դատական դեպարտամենտը, և այս դեպքում շատ հեշտ է պատասխանատվությունը մեկը մյուս վրա գցելը»,- ասաց Մինասյանը։
Նախարարը նաև խոսեց գնումների գործընթացի ժամկետները կրճատելու անհրաժեշտության մասին։
«Երբ ամեն բան արվում է օրենքի տառին համապատասխան, գործընթացը շատ երկար է տևում»,- ասաց Մինասյանը։
comment.count (0)