Ոստիկանությունը Հայաստանում կզարգանա 4 հիմնական ուղղություններով, մարզային ստորաբաժանումները կվերացվեն
16:31 - 11 հունվարի, 2024

Ոստիկանությունը Հայաստանում կզարգանա 4 հիմնական ուղղություններով, մարզային ստորաբաժանումները կվերացվեն

Ոստիկանության կառուցվածքային վերափոխման շրջանակներում ծառայությունը զարգանալու է որպես մասնագիտական կառույց 4 հենասյունային ուղղություններով՝ Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Ոստիկանական գվարդիա և Համայնքային ոստիկանություն։ Այս մասին զեկուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՆԳՆ 2023 թվականի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ։

Վարչապետի աշխատակազմի տարածած տեղեկատվության համաձայն՝ վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները, 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումները Երևանում և մարզերում ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները՝ ուղղաձիգ և արդյունավետ կառավարմամբ. օրենսդրական, կառուցվածքային փոփոխությունները, կառավարման սխեմաները, տեխնիկական նոր հագեցվածության տեսլականը հստակեցված են։

Նախորդ տարվա ընթացքում Ազգային ժողովի կողմից ընդունվել են Համայնքային ոստիկանության վերաիմաստավորմանն ու Քրեական ոստիկանության վերափոխմանն ուղղված օրենսդրական փաթեթները: Քրեական ոստիկանությունում կադրային համալրման նպատակով հայտարարված բաց մրցույթին կարող են դիմել նաև քաղաքացիական անձինք։ Քրեական ոստիկանի պաշտոնի նշանակումն իրականացվելու է ՆԳՆ կրթահամալիրում ուսումնառության միջոցով։

Տեղեկացվել է, որ 2023-ի ընթացքում հաստատվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման հայեցակարգը, մշակվել, ներառական հանրային քննարկումների փուլ է անցել և միջազգային փորձաքննական դրական գնահատականի արժանացել «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Նոր օրենքով բացառվում է Ոստիկանության գվարդիայի երկակի կարգավիճակը, այն լինելու է մաքուր ոստիկանական ծառայություն՝ դուրս բերվելով «այլ զորքերի» կարգավիճակից։ Սրանով իսկ կբարելավվի նաև ոստիկանության գվարդիայի նկատմամբ քաղաքացիական ու խորհրդարանական վերահսկողությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել