azatutyun.am: Իշխանական պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության հաձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ Բաքուն փորձի իր պահանջած «Զանգեզուրի միջանցքը» ստանալ ուժի միջոցով։ Ադրբեջանի նախագահը նախօրեին հայտարարեց, որ մերժում է զորքերի հայելային հետքաշման Երևանի պահանջը և ոչ մի քայլ ետ չի գնալու զբաղեցրած դիրքերից։ Քոչարյանը վստահ է՝ Հայաստանի ուժեղացումը կստիպի Ալիևին հետ գնալ Հայաստանի տարածքներից։
- Ալիևն ասել է, որ ոչ մի քայլ ետ չեն գնալու զբաղեցրած դիրքերից: Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի օկուպացված տարծքներն ազատելու հարցի լուծումը, եթե ետ չեն գնում:
- Խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի բոլոր պայմանները կատարելով:
- Ի՞նչն է ստիպելու Ալիևին ետ գնալ մեր տարածքներից:
- Մեր պետության ուժեղացումը, մեր անվտանգային համակարգի ուժեղացումը:
- Մոտ ապագայում տեսնում ե՞ք, որ նրանք դուրս կգան մեր տարածքներից:
- Այո՛, և նախ պետք է փորձել խաղաղ ճանապարհով:
- Դուք հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ Ադրբեջանը կարող է ուժի միջոցով վերցնել իր պահանջած «Զանգեզուրի միջանցքը»:
- Ադրբեջանը շատ ցանկություններ կարող է ունենալ, ուրիշ բան՝ մենք դրանք կանխելու հնարավորություն էսօր ստեղծե՞լ ենք, թե՞՝ ոչ: Մենք ստեղծում ենք ամեն օր:
- Բայց կգնա՞ Ադրբեջանը այդպիսի քայլի։
Դե կգնա, մեզ ինչ է մնում, պիտի պաշտպանվենք, թե չէ:
- Այդպիսի հնարավորություն տեսնո՞ւմ եք։
- Իհարկե:
comment.count (0)