Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կադաստրի կոմիտե՝ վերջինիս 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բարեփոխումների և միջոցառումների մասին:
Զեկուցվել է, որ 2023 թ. իրականացվել և շարունակվում են ՀՀ օրթոֆոտոհատակագծերով ծածկված համայնքների կադաստրային քարտեզների ճշգրտման, կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանների, կադաստրային թաղամասերի տեղադիրքի ուղղման աշխատանքները։ Գործում է առանձին հողամասերի սահմանների ուղղման պարզեցված ընթացակարգ։
Կադաստրային քարտեզների ճշգրտման աշխատանքների արդյունքում էական աջակցություն է ցուցաբերվել քաղաքաշինական և ներդրումային ծրագրերի իրականացմանը, էապես նվազել է վարչարարությունը, բավարարվել քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-բողոքները։ Ճշգրտված կադաստրային քարտեզները հանդիսանում են իրավունքների պետական գրանցման հիմք։ Իրականացվել է 344 բնակավայրերի կադաստրային քարտեզների ուղղում, որից 186-ը՝ 2023 թվականի ընթացքում։ Կատարվել է 21 համայնքների և Երևան քաղաքի շուրջ 2400 կմ երկարությամբ վարչական սահմանների ուղղում։ Չնույնականացված մոտ 100,000 գույքային միավորներից 19000-ն ուսումնասիրվել են, որից 9500-ը նույնականացվել և ըստ անհրաժեշտության արտացոլվել են քարտեզում։
Պիլոտային ոլորտային կադաստրի ստեղծման և ներդրման աշխատանքների շրջանակում իրականացվել է Շիրակի մարզում գտնվող ավտոմոբիլային ճանապարհների թվայնացում և ինտեգրում ազգային գեոպորտալին։
Կատարվել է կադաստրային քարտեզների ճշգրտում և համադրում օրթոֆոտոհատակագծերի հետ, միջպետական, հանրապետական և մարզային ճանապարհների հստակեցում և մակնշում, ճանապարհների արտապատկերում ազգային գեոպորտալում։
Նախորդ տարվա ընթացքում թվայնացվել են 93 օբյեկտներ` ընդհանուր 701,669 կմ, 1 միջպետական, 12 հանրապետական և 80 տեղական ճանապարհներ։
Քաղաքացիների սպասարկման ոլորտում ընդլայնվել է առցանց մատուցվող ծառայությունների շրջանակը: Աճել է առցանց դիմումների քանակը (դիմումների 35,8 տոկոսը ներկայացվել է առցանց):
Ընդլայնվել է առցանց տրամադրվող տեղեկությունների ցանկը, մշակվել են նոր տեղեկատվական փաթեթներ։ Ներդրվել է առցանց ծառայությունների բջջային հավելվածը։
Նախորդ տարիների համեմատ Էապես ավելացել է maparmenia և e-cadastre.am հարթակների այցելությունների քանակը. Maparmenia՝ 2022 թ․՝ 1883, իսկ 2023-ին՝ 28936: E-cadastre.am կայք 2022-ին այցելությունները կազմել են 855 հազար 708, իսկ 2023-ին՝ 1 մլն 159 հազար 406:
Ավելացել են նաև տեղեկատվության տրամադրման առցանց հարցումները (ինքնաշխատ պատասխան)․ եթե 2020-ին ստացվել է 3203 առցանց հարցում, ապա 2023-ին՝ 43199։
Իրականացվում է նաև ինքնակամ կառույցների հաշվառման գործընթաց՝ դրանք գույքային հարկման բազայում ներառելու նպատակով: Սա կնպաստի նաև համայնքների բյուջեների ավելացմանը:
Պատասխանատուները տեղեկացրել են, որ նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի 220 հազար գործարք, ինչը 2022-ի համեմատ ավելի է 7,2 տոկոսով: Գործարքների թիվը նվազել է Երևանում՝ 6 տոկոսով: Սուրեն Թովմասյանի խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում Երևանում իրականացվել է անշարժ գույքի 60 հազար գործարք, 2022-ին՝ 64 հազար: Նշվել է, որ գործարքների քանակով ակտիվացել են Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերը: 2023-ին Կադաստրի կոմիտեն սպասարկել է գործարքների 800 հազար դիմում՝ 2022-ի 700 հազարի փոխարեն:
Կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց նախորդ տարի հավաքագրվել է 7,5 միլիարդ դրամ, ինչը, ըստ պատասխանատուների, աննախադեպ է:
2023-ին Հայաստանում շահագործման է հանձնվել նորակառույց 10121 բնակելի տարածք։ Այս առումով վարչապետը նշել է. «Ընդ որում, վիճակագրությունը շատ հետաքրքիր է։ 2018 թվականին շահագործման հանձնված բնակելի տարածքների թիվը 2285 է, 2019-ին՝ 3246, 2020-ին՝ 4235, 2021-ին՝ 6364, 2022-ին՝ 6463, 2023-ին՝ 10121: Այսինքն`2018 թվականից 32714 նորակառույց բնակելի տարածք է շահագործման հանձնվել։ Սա շատ հուսադրող թիվ է»:
Նախատեսվում է ընթացիկ տարում բարեփոխումներ իրականացնել ծառայությունների մատուցման, գրանցման ոլորտներում, մշակել տարածական տվյալների փոխանակման և ինտեգրման ռազմավարական փաստաթուղթ, իրականացնել տվյալահենք քաղաքականություն` քաղաքացիներին ճշգրիտ տեղեկատվության տրամադրման նպատակով:
comment.count (0)