Գարդման-Շիրվան-Նախիջևան միության ուղերձը Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ
17:23 - 24 հունվարի, 2024

Գարդման-Շիրվան-Նախիջևան միության ուղերձը Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն ուղերձ է հղել 2012 թ-ին Ֆրանսիայի Սենատի կողմից  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է միության ուղերձը․

«2012թ․ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագիծը ներկայացվել է «Հավասարություն և քաղաքացիություն» անվամբ, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար: 

Ֆրանսիան վաղուց է գործնականում արտահայտել էր խիստ դիրքորոշումը մարդկության դեմ կատարված հանցանքների դեմ պատժի ու պայքարի նկատմամբ, որի վառ արտահայտում կարելի է համարել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումը, որով ոչ միայն հերթական անգամ միջազգայնորեն փաստվում է Հայոց ցեղասպանության անժխտելի իրողությունը, որը, ցավոք սրտի, դեռ շատ երկրներ շարունակում են կասկածի տակ դնել, այլև մեխանիզմ է ստեղծում մեկ դար առաջ կատարված հանցանքի ժխտողականության կանխման համար։ 

Հայոց պատմության հաջորդիվ իրողությունները եկան ցույց տալու, որ կանխարգելիչ մեխանիզմների ստեղծումը և դրանց անխափան ու հուսալի գործարկումը շատ ավելի կարևոր նշանակություն ունեն, քան հանցանքի առերես ճանաչումն ու դատապարտումը՝ առանց պատասխանատվության սահմանման։ Հենց պատասխանատվության բացակայությունն էր, որ թույլ տվեց Ադրբեջանին վերջին հարյուրամյակում առնվազն երեք անգամ էթնիկ զտում և ցեղասպանական արարքներ իրականացնել պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարծքներում, ամիսներ շարունակ սովամահության ենթարկել ավելի քան 100 հազար բնիկ հայերի Լեռնային Ղարաբաղում, որի գագաթնակետը դարձավ բռնությամբ ու սպառնալիքով ուղեկցվող բռնի տեղահանումը։ 

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է Ֆրանսիայի՝  պատմական արդարության վերականգնմանը և համարժեք գնահատականներ տալուն ուղղված ջանքերը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ակտիվորեն նախաձեռնել ցեղասպանության կամ ցեղասպանական արաքների, կրոնական և ազգային խտրականության վրա հենված քաղաքականության դրսևորումների, մշակութային արժեքների պղծման, խեղման ու յուրացման գործողությունների, մարդու իրավունքների ոտնահարման և դրանց հարգումից ու ճանաչումից հրաժարման համար կանխարգելիչ և պատժիչ մեխանիզմների ձևավորմանը և դրանց կիրառմանը Ադրբեջանի նկատմամբ, որի պարագայում միայն հնարավոր կլինի կանխել պետականահեն հայատյացությունը և դրանից բխող էթնոֆոբ արարքները, որոնք այսօր իրական սպառնալիք են մեր տարածաշրջանի խաղաղեցման և ժողովրդավարացման դժվարին գործընթացի համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել