Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչության, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի կոմունալ բաժնի աշխատակիցները շրջայց են իրականացնելու Երևան քաղաքում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Երևանի ավագանին հստակ կարգ է սահմանել անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ:
Համաձայն որոշման, տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները:
Պարտադիր բարեկարգման պահանջն, ի դեպ, նշանակում է ոչ միայն մաքրել հարակից տարածքը ձնից ու սառույցից, այլև կանաչապատ ու բարեկարգ պահել մայթերը»,- նշել է Հայկ Կոստանյանը:
Նա պարզաբանել է, որ վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը նախատեսում է տուգանք՝ 15.000-20.000 դրամի չափով՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման պահանջները չկատարելու դեպքում:
comment.count (0)