«Այս կապիտուլյանտ, թուրքերին Հայաստանում հանդուրժող քաղաքական ուժը հակադրում է ազգը եւ պետականությունը»․ Արթուր Խաչատրյան
 |aravot.am|
13:32 - 06 փետրվարի, 2024

«Այս կապիտուլյանտ, թուրքերին Հայաստանում հանդուրժող քաղաքական ուժը հակադրում է ազգը եւ պետականությունը»․ Արթուր Խաչատրյան |aravot.am|

aravot.am: «Անկախության, ինքնիշխանության եւ հարատեւության մասին խոսում է մի քաղաքական ուժ, որի օրոք թուրքերը բուն են դրել Հայաստանի Հանրապետության տարածքում»,- Ազգային ժողովի նստաշրջանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով ՔՊ խմբակցությանը։

«150-200 քառակուսի կիլոմետր՝ թուրքերը բուն են դրել Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ Հայաստանի իշխանությունները ոչ մի բան չեն անում՝ թուրքերին այստեղից քշելու համար։ Թուրքերը պահանջում են, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխենք, թուրքերն են պահանջում, որովհետեւ սահմանադրական բարեփոխումների այն հայեցակարգում, որը դուք մշակում եք, Հայաստանի Անկախության հռչակագրի մասին խոսք չի եղել․ թուրքերի պահանջով եք դուք դա անում։ Այդպիսի բան անում են խամաճիկային պետությունները»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները համառորեն չեն ընդունում, որ կապիտուլյացիա են ստորագրել։

«Բա կապիտուլյացիոն պահանջը որտեղի՞ց եկավ։ Եվ կապիտուլյանտ քաղաքական ուժն այսօր խոսում է անկախությունից ու ինքնիշխանությունից։ Եվ այս կապիտուլյանտ, թուրքերին Հայաստանում հանդուրժող քաղաքական ուժը հակադրում է ազգը եւ պետականությունը։ Արհեսատական հակադրություն է մտցնում, հիմա մի նոր հակադրություն առաջացավ՝ ազգ, պետություն եւ նաեւ ժողովուրդ։ Բա հետո՞։ Հասանք մի նոր բարձունքի՝ Արարատը հակադրել Արագածի հետ, հիմա արդեն ժողովուրդը հակադրում եք պետության հետ, ազգը հակադրում եք պետության հետ։ Չեք հասկանո՞ւմ, որ այս հակադրումների անվերջ շղթան բերեց այս վիճակին։ Բերեց այն վիճակին, որ ինչ-որ մասնագետներ փորձում են հայ ժողովրդի պատմությունը փոխել։ Այդ մասնագետներից մի քանի հոգու անունը տվեք»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ սա քաղաքական խնդիր է։ «Իսկ քաղաքական խնդիրը ձեր այս շարունակությունն է՝ Արարատը հակադրել Արագածին, ժողովուրդը հակադրել պետությանը։

«Հայաստանն իմ օջախ է» ասող մարդը փողոցում գրքույկներ էր բաժանում, որի վրա Հայաստանն ու Արցախի Հանրապետությունն իրար կպած էին։ Բայց այդպես մի բան ասելով այլ բան անելով՝ բերեցիք նրան, որ թուրքը հիմա վխտում է Հայաստանի սահմաններում ու Արցախում»,- ասաց Արթուր Խաչատրյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել