factor.am: ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ պոտենցիալ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ֆիքսվում են առանձին պետությունների փորձերը՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, ստանալու հասանելիություն Կասպից ծովի ռեսուրսներին և ապահովելու իրենց ուղղակի ելքը Կենտրոնական Ասիա։ Դրա համար ակտիվ օգտագործվում է, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի բարձր հակամարտային պոտենցիալը։ Իրավիճակի հետագա կարգավորման հարցում կարևոր է պահպանել խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը»,- ասել է Սերդյուկովը։
Նա նշել է, թե Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի ու Երևանի միջև հետհակամարտային կարգավորման վրա՝ չնայած ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը։ «Նույնիսկ կազմակերպությանը Հայաստանի անդամակցության պայմաններում՝ դրսից փորձերը շարունակում են ազդել հետկոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա»,- հավելել է Սերդյուկովը, որը որևէ կերպ չի անդրադարձել ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած վերջին ագրեսիային։
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։
comment.count (0)