news.am: Շատ է խոսվում բանակում բարեփոխումների մասին, բայց միայն այս տարվա ընթացքում մենք ունեցանք բանակում ոչ մարտական պայմաններում մեծ թվով զոհեր: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում դիմելով ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Նաեւ անցած տարին է ամփոփվել բավականին մեծ թվով: Ես ուզում եմ հասկանալ՝ ՊՆ-ն արդյոք իրականացրել է վերլուծություն, ինչու են շատացել մահվան դեպքերը, ինչ կոնկրետ քայլեր են իրականացվում այդ երեւույթի դեմն առնելու համար: Ովքեր, երբ եւ ինչ պատիժ են կրել բանակում առկա այդ իրավիճակի համար»,- ասաց պատգամավորը:
Ի պատասխան Կարեն Բրուտյանն ասաց, որ լիազորված չէ այդ հարցերին պատասխանելու. «Ես խնդրում եմ գրավոր հարցը ներկայացրեք, մենք ձեզ գրավոր կպատասխանենք»:
Թագուհի Թովմասյանն արձագանքեց. «Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են: Մեր քաղաքացիներին հետաքրքրող հարցերից մեկը դա է՝ ինչու են բանակում խաղաղ պայմաններում զոհվում զինվորները: Ցավալի է, որ դուք լինելով փոխնախարար, որեւէ ասելիք չունեք այս մասով: Այսինքն որեւէ տեղեկություն, գոնե զոհերի թիվը հրապարակեք: Դուք տեղեկություն չունե՞ք, որեւէ քայլ չի՞ իրականացվում ՊՆ-ում: Ես գրավոր հարց տալու տեղը գիտեմ, ուղղում եմ ու շատ ուշացումով ստանում եմ պատասխաններ ՊՆ-ից»:
comment.count (0)