«Բողոքներ ենք ստացել, որի հիման վրա տեսչական ստուգումներ են սկսվել». քաղաքապետարանը՝ Երևանի թիվ 130 դպրոցում ստեղծված իրավիճակի մասին |aysor.am|
12:01 - 28 փետրվարի, 2024

«Բողոքներ ենք ստացել, որի հիման վրա տեսչական ստուգումներ են սկսվել». քաղաքապետարանը՝ Երևանի թիվ 130 դպրոցում ստեղծված իրավիճակի մասին |aysor.am|

aysor.am: Երևանի Նարիր Զարյանի անվան թիվ 130 դպրոցում գերլարված իրավիճակ է։ Դպրոցի կառավարման խորհրդից մեզ հայտնել էին, որ նախորդ շաբաթ դպրոցում տեսչական ստուգումների արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակներում բացահայտվել են տնօրեն Նվարդ Հովսեփյանի կողմից միլիոնավոր դրամների չարաշահումներ։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Ելենա Հարությունյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանը ծնողների կողմից է բողոքներ ստացել, սակայն ապացուցողական փաստերն այս պահին բացակայում են. «Տվյալ դպրոցում օրեր առաջ իրականացվել են կրթության տեսչական մարմնի կողմից ստուգումներ, որոնց արդյունքները դեռ ամփոփման փուլում են։ Երբ վերլուծության արդյունքները կներկայացվեն մեզ, որպես լիազոր մարմին ավելի համապարփակ ինֆորմացիա կունենանք այդ մասով»։

Հարությունյանի խոսքով՝ դպրոցներում տեսչական ստուգումները լինում են հերթական և արտահերթ.«Տվյալ տեսչական ստուգումը եղել է բողոքի հիմքով, որը հասցեագրվել է նախարարություն, այնուհետև Կրթության տեսչական մարմին։ Մենք սպասում ենք ստուգման արդյունքներին, որպեսզի հետագա քայլերը, որպես լիազոր մարմին, մեր մասով հասկանանք։ Սպասում ենք, որ արդյունքները կլինեն 10 օրվա ընթացքում»։

Ելենա Հարությունյանն ավելացրեց, որ իրենք չարաշահումների մասով բողոք չեն ստացել.«Բողոքները հիմնականում կապված են եղել ուսումնական հաստատությունում բարոյահոգեբանական մթնոլորտի հետ, նաև այն մասով, որ շատ ուսուցիչներ են ազատվում։ Ընդհանուր են բողոքները։ Մասնավորապես խմբակների, չարաշահումների մասով առնվազն Երևանի քաղաքապետարանում բողոքների ստացման դեպքեր ես չեմ հիշում»։

Նա շեշտեց, որ դպրոցում ուսումնական գործընթացը բնականոն ընթանում է.«Իհարկե, հիմա այնտեղ անչափահասների գործով տեսուչներ էլ կան՝ հաշվի առնելով երեկվա իրադարձությունները։ Հիմա հանդարտ է իրավիճակը։ Մի քիչ կխաղաղեցնենք, նոր կհասկանանք, թե հետագայում ինչ ընթացք կլինի»։

Քաղաքապետարանի պաշտոնյայից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք դպրոցի բոլոր փոխտնօրեններն ազատման դիմում են գրել, Հարությունյանը նշեց.«Դիմումները ներկայացված են տնօրենին, բայց դրանք դեռևս մակագրված չեն»։

Փորձեցինք կապ հաստատել նաև դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանի հետ, գործավարուհին նախ ասաց՝ 5 րոպեից զանգարահենք, այնուհետև նշեց, որ տնօրենն այս պահին շրջում է դպրոցում, հեռախոսահամար թողնենք, նա կզանգահարի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել