Փաշինյանը հայտնեց, թե ինչու է Հայաստանը համաձայնել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնել Բեռլինում
 |armenpress.am|
21:08 - 28 փետրվարի, 2024

Փաշինյանը հայտնեց, թե ինչու է Հայաստանը համաձայնել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնել Բեռլինում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը համաձայնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցկացվի Գերմանիայում այն պատճառով, որ Գերմանիան Գրանադայի քառակողմ հանդիպման կողմ է և ստորագրել է 3 կարևոր սկզբունք: 

Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին: 

Փաշինյանը հիշեցրեց՝ փետրվարի 28-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպում են Գերմանիայում: Վայրն ինչ-որ առումով միայն վայր է, բայց այն բովանդակություն էլ ունի: 

«Մենք ինչո՞ւ ենք համաձայնվել, որ Գերմանիայում այդ հանդիպումը տեղի ունենա. շատ պարզ պատճառով, որովհետև Գերմանիան Գրանադայի քառակողմ հանդիպման կողմ է և ստորագրել է 3 կարևոր սկզբունք՝ առաջինը Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ Ալմաթայի հռչակագրի հիման վրա, երկրորդը, որ Ալմաթայի հռչակագիրը պետք է լինի սահմանագծման գործընթացի հիմքը և երրորդը, որ տարածաշրջանային հաղորդակցությունները պետք է գործեն երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքով: Այսինքն՝ Բեռլինում այլ քաղաքական բովանդակություն չի կարող քննարկվել: Մենք նաև դրա համար ենք համաձայնել, որ այնտեղ այդ քննարկումը տեղի ունենա»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց՝ Հայաստանի համար ընդունելի չի լինի, եթե որևէ միջնորդ փորձի այս շրջանակից դուրս բերել գործընթացը: Դա նշանակում է միջնորդել ոչ թե խաղաղություն, այլ խաղաղության ճարտապարետության փլուզում: 

«Այն երկրները, կազմակերպությունները, որոնք այս 3 սկզբունքն ընդունում են, կարող ենք նաև նրանց  միջնորդությունն ընդունել: Ովքեր չեն ընդունում, նախ պետք է ճշտենք իրենց վերաբերմունքն այս սկզբունքների վերաբերյալ, հետո նոր վերաբերմունք արտահայտենք»,-ասաց վարչապետը՝ կրկնելով, որ Գերմանիան Գրանդայի հայտարարության կողմ է:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել