Միջազգային փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած, մրցանակ ստացած մշակութային գործիչները 1 տարի դրամական խրախուսում կստանան
 |1lurer.am|
12:02 - 29 փետրվարի, 2024

Միջազգային փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած, մրցանակ ստացած մշակութային գործիչները 1 տարի դրամական խրախուսում կստանան |1lurer.am|

1lurer.am: Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած, մրցանակի արժանացած մշակութային գործիչները դրամական խրախուսում կստանան: Նպատակը արվեստի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները խրախուսելն է, գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը բարձրացնելը, մշակութային գործիչների համար ստեղծագործական բարենպաստ միջավայր ձևավորելը, ինչպես նաև առհասարակ ոլորտում պետական խրախուսման մեխանիզմներ ներդնելը: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 29-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

«Միջազգային հեղինակավոր փառատոներն ու մրցանակաբաշխությունները բազմաթիվ են, այս նախագծով էլ ընդգրկված են ավելի քան 150 նման փառատոներ, մրցույթներ ու մրցանակաբաշխություններ, ու դրանց թվին են դասվում այն միջոցառումները, որոնց ցանկը հաստատվում է ոլորտի միջազգային կազմակերպությունների կամ ասոցիացիաների կողմից»,- ասաց նա:

Ըստ Անդրեասյանի՝ դրամական խրախուսումը տրամադրվելու է ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ մշակույթի ոլորտի այն գործիչներին, որոնք, որպես ՀՀ ներկայացուցիչ, մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին և արժանացել են մրցանակի: Խոսքը թատերարվեստի, կերպարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, կինոարվեստի, մշակութային ժառանգության, գրականության մասին է:

«Կան նաև այնպիսի մրցանակաբաշխություններ կամ փառատոներ, որոնց պարագայում երկրի մասնակցությունը տվյալ փառատոնին արդեն իսկ հավասարազոր է հաղթանակի, դա նշանակում է՝ տվյալ ստեղծագործությունը, ֆիլմը, ներկայացումն արդեն իսկ անցել է նախընտրական փուլը և ընդգրկվել փառատոնային ծրագրում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ փառատոներն ու մրցանակաբաշխությունները պետք է ունենան միջազգային ձևաչափ և միջազգային ժյուրի:

Խրախուսումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ՝ 1 տարի ժամկետով, և 1-ից ավելի արդյունք ունենալու դեպքում վճարվելու է դրանցից յուրաքանչյուրի համար:

«Չափերը սահմանելիս հիմք ենք վերցրել սպորտի ոլորտում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման գործող կարգը, որով փորձել ենք ապահովել երկու ոլորտներում խրախուսման համաչափությունը՝ ամսական 130 հազարից մինչև 800 հազար դրամ: Խրախուսում կարող են ստանալ ինչպես անհատները, այդպես էլ խմբերը»,- ասաց նախարարը:

Ըստ Անդրեասյանի՝ վերլուծությունը ցույց է տվել, որ խրախուսում ստացողների տարեկան թիվը կլինի 11 մարդ և 2 խումբ, տարվա կտրվածքով դրամական խրախուսման չափը շուրջ 85 միլիոն դրամ է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ մարզիկների խրախուսման մեխանիզմի գործարկումից հետո արդյունքներ են գրանցվել, այս նախագծով նպատակ կա նմանատիպ մեխանիզմ ներդնել նաև մշակույթի ոլորտում: Բայց, ի տարբերություն սպորտի ոլորտի, այս ոլորտում մեխանիզմներ մշակելը բարդ է, իսկ սպորտի դեպքում ամեն ինչ հստակ է. կա Աշխարհի չեմպիոն, կա Եվրոպայի չեմպիոն, կան ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիրներ, և ըստ այդմ էլ կատարվում է պարգևատրումը:

«Մշակույթի դեպքում մենք բարդություններ ունեինք, և հիմա փորձել ենք որոշակի շրջանակ ձևակերպել (այնպես չէ, որ այդ բարդությունները լիարժեք հաղթահարված են), որպեսզի նաև մեր մշակույթի ոլորտում խրախուսման և աջակցության այդ մեխանիզմը ստեղծենք»,- ասաց նա:

Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծեց, որ այս նախագծով ցույց են տալիս, որ կոչումների քաղաքականությունից հրաժարվելով՝ ոլորտում աշխատանքի գնահատման և ստեղծագործության գնահատման գործիքակազմ են ներդնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել