2 %-ը ծանր բեռ է մեր ուսերին, մեր եղածը տվեք մեզ. կոնդեցիները քաղաքապետարանի մոտ են
 |armeniasputnik.am|
17:34 - 01 մարտի, 2024

2 %-ը ծանր բեռ է մեր ուսերին, մեր եղածը տվեք մեզ. կոնդեցիները քաղաքապետարանի մոտ են |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևանի Կոնդ թաղամասի բնակիչները դժգոհ են Երևանի ավագանու որոշումից և համաձայն չեն քաղաքային բյուջե վճարել իրենց սեփականության (քառակուսի մետրով հաշվարկված) կադաստրային արժեքի երկու տոկոսը։

Բանն այն է, որ Կոնդում բնակիչները սեփականության իրավունքով իրենց պատկանող տներից բացի զբաղեցրել են նաև հարակից տարածքներ՝ օգտագործելով որպես հողամաս, կառուցելով կից շինություններ և այլն։ Բնակիչներն ասում են, որ 2004 թվականին Երևանի քաղաքապետարանը սխալ ու ոչ լիարժեք չափագրումներ է կատարել։ Մարդիկ փաստաթղթերով զրկվել են իրենց պատկանող նկուղից կամ այլ տարածքներից, քանի որ դրանք ուղղակի սեփականության վկայականում չեն ներառվել։ Տարիներ շարունակ բնակիչները փորձել են կրկին օրինականացնել այդ տարածքները, սակայն դա իրենց չի հաջողվել։ Հիմա քանի որ կայացվել է ամբողջ Կոնդ թաղամասի օտարման վերաբերյալ որոշում, բնակիչները փոխհատուցում ստանալու համար պետք է ունենան իրենց սեփականության օրինական գրանցման վերաբերյալ փաստաթղթեր։

Բնակիչները մատնանշում են 2023-ի դեկտեմբերի 26-ին ավագանու կողմից կայացված թիվ 43 որոշումը, որում կա նաև «հողօգտագործման հիմքերի վերականգնման և սահմանների ճշտման հետ կապված» ձևակերպում։

«Կոնդում չսահմանազատված տներ չկան, մենք 20 տարի շարունակ պայքարում ենք մեր ունեցածն օրինականացնելու։ Մեզ հող չեն հատկացնում, մեր ունեցածը մեզ պետք է տան։ Կամ ինչի՞ պետք է կոնդեցին վճարի իր սեփականության երկու տոկոսը։ Մեր եղածը մեզ պետք է տան։ Նախկին ղեկավարների օրոք թույլ տրված սխալները պետք է ուղղվեն այսօր, քանի որ ներկայիս քաղաքային իշխանությունները, անկախ քաղաքական ուղղվածությունից, նախկին իշխանությունների իրավահաջորդն են»,–ասաց Կոնդի բնակիչ Նառա Երեմյանը։

Նրա խոսքով` իրենք պատրաստ են ֆիքսված որոշակի գումար վճարել Երևանի բյուջե, բայց ոչ քառակուսի մետրի հաշվարկով, քանի որ իրենց այլ բան են խոստացել։

Բնակիչների խոսքով` Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մինչև քաղաքապետ դառնալը մի քանի անգամ հանդիպել է իրենց և խոստացել, որ նրանք իրենց ունեցածը կկարողանան սեփականացնել անհատույց։

Բնակիչներից մի քանիսին արդեն ծանուցումներ են եկել վճարների համար. բնակիչներից մեկը, օրինակ, պետք է վճարի 1,4 մլն դրամ, մյուսը՝ 600.000 դրամ և այլն։

Բնակիչները եկել էին քաղաքապետի հետ հանդիպման, սակայն նրանց չընդունեցին` ասելով, որ Տիգրան Ավինյանը կարևոր միջոցառման է։

Բնակիչները հաջորդ քայլով պատրաստվում են դիմել կառավարությանը, եթե իրենց լսող չլինի, կդիմեն դատարան` վիճարկելու Երևանի ավագանու որոշումը։

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել