Սպարապետ, վստահ եղիր, որ քո ցանած սերմերը տվել են իրենց ծիլերը․ Սուրեն Պապիկյանի ելույթը՝ Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված միջոցառմանը
10:48 - 06 մարտի, 2024

Սպարապետ, վստահ եղիր, որ քո ցանած սերմերը տվել են իրենց ծիլերը․ Սուրեն Պապիկյանի ելույթը՝ Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված միջոցառմանը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել  և ելույթ է ունեցել Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

Իր ելույթում Պապիկյանն ընդգծել է, որ Վազգեն Սարգսյանը Հայաստանի պետականաշինության առանցքային դերակատարներից է։  

«Այսօր Վազգեն Սարգսյան պետական, քաղաքական, ռազմական գործիչը կդառնար 65 տարեկան։ Ինչպիսի՞ն կլիներ վերջին տասնամյակների մեր ընթացքը, եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, դժվար է ասել։ Բայց մի բան հաստատ է․ Վազգեն Սարգսյանը մեր պետականաշինության առանցքային դերակատարներից էր, նրանցից մեկը, ով քաջություն ունեցավ ստանձնելու սեփական ժողովրդի պատմությունն ուղղորդելու, նրա ճակատագրի համար պատասխանատվություն կրելու և առջևից քայլելու պատրաստակամությունը։

««Ես երջանիկ մարդ եմ, որովհետև ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որ փայփայում էինք գրողներս, լրագրողներս, բայց դա բախտի բան չէր, ես եմ ընտրել իմ ճանապարհը»։ Սրանք Վազգեն Սարգսյանի խոսքերն են։ Անշուշտ, գրիչը զենքով փոխարինելու որոշումը խորապես գիտակցված էր՝ խավարից բողոքելու փոխարեն խավարում սեփական մոմը վառելու վճռականությամբ»,- ասել է Պապիկյանը։

Նրա խոսքով՝ Վազգեն Սարգսյան պետական գործչի ամենակարևոր հատկանիշներից մեկը մարդկանց համախմբելու ունակությունն էր, նրա սերը, հանդուրժողականությունը, հավատը յուրայինի հանդեպ, տարբեր խավի, տարիքի, մտավոր ունակությունների և մտածելակերպի տեր մարդկանց հայրենաշինության գաղափարի շուրջ համախմբելու տաղանդը, սեփական ժողովրդի հետ պարզ ու անկեղծ խոսելու կարողությունը, իր բառերով ասած՝ անտրամաբանական ատելությունը տրամաբանված սիրո վերածելու ջանքն ու հավատը մի երկրում, որը բառերով սիրելու երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ, այլ համընդհանուր սիրո երկիր է։

«Վազգեն Սարգսյանն ասում էր՝ անկախությունը քննարկվող արժեք չէ, նրա մասին փիլիսոփայելն անգամ անմտություն է։ Արժե անկախ լինել՝ թեկուզ աղքատ։ Սովը, աղքատությունն անցողիկ բաներ են, մնայունն անկախությունն է, ասում էր, որ պարզապես հավատում է Հայաստանի ապագային։ Մենք՝ այս պետության պատասխանատուներս, չպետք է թույլ տանք, որ անկախությունը, ազատությունը ժողովրդի համար դառնան սովորական գաղափարներ։ Անկախությունը բացարձակ արժեք է՝ ընդգծում էր Վազգեն Սարգսյանը։ Այսօր էլ նրա խոսքերն արդիական են, և անկախության հավերժականությունն ապահովելու համար յուրաքանչյուրս անմնացորդ նվիրումով պետք է անենք մեր գործը և այդկերպ ապացուցենք, որ սիրում ենք հայրենիքը և պարտավոր ենք ուժեղացնել պետությունը։ Առանց հզոր և մարտունակ բանակի չի կարող լինել թե պետություն, թե անկախություն․ ահա այս հավատի, այս պատասխանատվության ու վճռականության շաղախով դրվեց բանակաշինության հիմքը։ Այս յուրահատուկ շաղախով բանակաշինության գաղափարի շուրջ համախմբվեցին ազատագրական կռիվներով անցած ֆիդայիններն ու կադրային սպաները, գիտնականներն ու գրողները, հասարակ հայ մարդիկ։ Ու նաև այդ ամուր շաղախի շնորհիվ է, որ մեր բանակը կանգուն է մինչ օրս ու ամենածանր փորձություններից հետո ոտքի կանգնելու, մեջքը շտկելու հաստատուն ծրագրեր է իրականացնում»,- հավելել է ՀՀ պաշտպանության նախարարը։

Սուրեն Պապիկյանը հիշեցրել է Վազգեն Սարգսյանի խոսքն այն մասին, որ երկրի սահմաններն ամրացնում ենք քրտինքով։  «Որպես պետական գործիչ՝  նա եկել էր, որի ր զինակիցների ու համախոհների հետ առաջնորդեր իր սահմանները քրտինքով պաշտպանելու ժողովրդի հույժ կարևոր առաքելությունը և ասեր՝ «Ես տվել եմ ամեն ինչ ու ձեռք եմ բերել հպարտություն։ Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, հայության հավաքական կերպարը, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքն ապագային»։ Բանակի դերը պետության ու ժողովրդի կյանքում ավելի լավ չես ձևակերպի ու ավելի լավ չես հուշի ինքնաճանաչման հայելու մեջ սեփական արատները տեսնելու և այդ արատներից ձերբազատված ապագա կառուցելու խորհուրդը»,- նշել է նա։

Երկրին սպառնացող վտանգները տեսնելու և մատը ցավի վրա դնելու Վազգեն Սարգսյանի ունակությունը բացառիկ էր։

«Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ»,- Վազգեն Սարգսյանի խոսքերը մեջբերել է Պապիկյանը՝ հավելելով, որ Վազգեն Սարգսյանը սա ասել է խորը ցավով ու շատ էր ուզում, որ  «մենք մեր երկրի տերը դառնանք, մենք որոշենք մեր ուղին, մեր ընթացքն ու հանգրվանը, որտեղ ուզում ենք հասնել»։

Պապիկյանն ասել է, որ գրողին հատուկ իր զգացմունքային ու հախուռն խառնվածքով հանդերձ՝ Վազգեն Սարգսյանը նրբանկատ պետական գործիչ էր, երբ խոսքը վերաբերվում էր երկրի ապագային, ազնիվ էր ու խոհեմ։

«Նա հզոր անհատականություն էր, այդ պատճառով էլ կարող էր հրապարակավ խոստովանել իր սխալները՝ անկեղծորեն ասելով՝ սխալներ եղել են, կեղծիք՝ ոչ։

Ու փոխադարձ սիրո, վստահության ու հավատի ամենալավ գնահատական Վազգեն Սարգսյանին տվեց ժողովուրդը՝ կոչելով Սպարապետ։ Սպարապետը գիտեր ինչպես խանդավառել մարդկանց, ինչպես վարակել հայրենասիրությամբ, նվիրումով ու խիզախությամբ՝ հանուն հայրենիքի, հանուն պետականության։ Սպարապետ, վստահ եղիր, որ քո ցանած սերմերը տվել են իրենց ծիլերը»,- եզրափակել է պաշտպանության նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել