ՄԻՊ Անահիտ Մանասյանը հանդիպել է ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ
10:56 - 06 մարտի, 2024

ՄԻՊ Անահիտ Մանասյանը հանդիպել է ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 5-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի գրասենյակից։

«Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։ Նշված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել  կանանց իրավունքների պաշտպանությանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը, կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի իրականացման մանրամասներին, այդ թվում՝ Օվիեդոյի կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացնելու հարցին:

Պաշտպանը ներկայացրել է խտրականության, անհանդուրժողականության, ատելության խոսքի դեմ պայքարի, հավաքների ազատության իրավունքի և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցության մակարդակը և նախանշել փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները»,- նշվում է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել