Կոնստանտինոս Կոմբոսը վերահաստատել է Կիպրոսի դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում
13:51 - 07 մարտի, 2024

Կոնստանտինոս Կոմբոսը վերահաստատել է Կիպրոսի դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում

ՀՀ Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանը և հանձնաժողովի անդամները մարտի 7-ին հանդիպել են Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը երկուստեք բարձր են գնահատել բարեկամ երկրների միջև և՛ օրենսդիր, և՛ գործադիր մակարդակում առկա գերազանց համագործակցությունը, ընդգծել, որ երկու պետությունները պատմականորեն ունեն նույնատիպ մարտահրավերներ ու խնդիրներ:

Հայկ Կոնջորյանը երախտագիտություն է հայտնել կիպրական կողմին հայ ժողովրդին պատուհասած բազմաթիվ փորձությունների ժամանակ մշտապես մեր կողքին լինելու և հասցեական հայտարարություններ ու դիրքորոշում հնչեցնելու համար: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը կարևորել է երկկողմ արդյունավետ հարաբերությունները նաև միջազգային հարթակներում, հույս հայտնել, որ դրական դինամիկան շարունակական կլինի: Կարևորվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափում համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացումը:

Կոնստանտինոս Կոմբոսը վերահաստատել է Կիպրոսի դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում: «Կիպրոսը դեմ է այն ամենին, ինչը չի համապատասխանում միջազգային իրավունքին»,- փաստել է Կիպրոսի ԱԳ նախարարը:

Հանձնաժողովի անդամները կարևորել են պատվիրակության այցը Հայաստան տարածաշրջանային անվտանգային մարտահրավերների համատեքստում, ընդգծել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը: Նրանք խոսել են նաև Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության, այդ երկրում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձի, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության մասին: Նշվել է, որ Ադրբեջանը հետևողականորեն վերացնում է հայկական հետքը Լեռնային Ղարաբաղում:

Երկկողմ տեսանելի արդյունքներ գրանցելու հարցում արժևորվել է տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների ընդլայնումը, այդ համատեքստում ընդգծվել Կիպրոսի հայ համայնքի առանցքային դերակատարությունը: Անդրադարձ է եղել երկու երկրներում դեսպանատներ բացելու անհրաժեշտությանը, խորհրդարանական մակարդակով փոխայցերի ակտիվացմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել