Ջրագծին մոտեցնող ճանապարհն անանցանելի է. ջրագիծը ծածկվել է ջրով. քաղաքապետարանը՝ Արաբկիրում ջրամատակարարման աշխատանքների մասին
 |1lurer.am|
10:50 - 11 մարտի, 2024

Ջրագծին մոտեցնող ճանապարհն անանցանելի է. ջրագիծը ծածկվել է ջրով. քաղաքապետարանը՝ Արաբկիրում ջրամատակարարման աշխատանքների մասին |1lurer.am|

1lurer.am: Երեկ երեկոյան՝ 21:00-ի սահմաններում, վթարվել է Արզնի 2-Երևան ջրատարը, որի միջոցով իրականացվում է Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների 25 տոկոս բաժանորդների ջրամատակարարումը: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ հողի շերտերի փլուզման հետևանքով փոխվել է Հրազդան գետի հունը, որի հետևանքով անանցանելի է ջրագծին մոտեցնող ճանապարհը, ջրագիծը ծածկվել է ջրով, ինչի պատճառով հնարավոր չէ իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ:

Այս պահին արդեն իսկ սկսվել է նախապատրաստական աշխատանքներ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Մեծ ծավալի գրունտային աշխատանքներ պետք է կատարվեն գետի հունը տեղափոխելու համար, նոր միայն վթարավերականգնողական աշխատանքները կսկսվեն:

Քաղաքապետին զեկուցվեց, որ գիշերվա ընթացքում նախնական ջրանջատումներ եղել են, օրվա ընթացքում կմշակվեն ռեժիմները, կհայտարարվեն գրաֆիկները, մինչև ջրամատակարարման վերականգնումը:

Տիգրան Ավինյանը ցանկացավ ճշտել՝ արդյոք դա այն հատվածն էր, որ Երևանից դուրս էր, ու մի ժամանակ այնտեղ նաև շինաղբ էին թափում: 

«Այո, դա վերաբերում է Քանաքեռավանին հարող հատվածին, մեկ տարի առաջ այդտեղ լանջ է փլուզվել, փոխել հունը, հիմա մի քիչ ներքև՝ որտեղ Վեոլիան տեղափոխել էր խողովակը, շինաղբով չի պայմանավորված, ուղղակի դրանք սողքային լանջեր են, հիմա շինաշխատանքները պետք է կատարվեն ամբողջ ծավալով. կամ պիտի վերատեղադրվի խողովակը, կամ փոխվի հունը: Մենք Արաբկիր վարչական ղեկավարի հետ այնտեղ կլինենք, կտեղեկացնեմ ընթացքի ու արդյունքների մասին»,- զեկուցեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել