2023-ին Երևանի սեփական եկամուտների փաստացի հավաքման ցուցանիշը 2022-ի ցուցանիշից ավելի է 14 մլրդ 694 մլն դրամով |1lurer.am|
12:33 - 12 մարտի, 2024

2023-ին Երևանի սեփական եկամուտների փաստացի հավաքման ցուցանիշը 2022-ի ցուցանիշից ավելի է 14 մլրդ 694 մլն դրամով |1lurer.am|

1lurer.am: 2023 թվականին բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 114 միլիարդ 830 միլիոն դրամ՝ ծրագրված 112 միլիարդ 862 միլիոն դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 102 տոկոս: Ընդ որում՝ Երևան քաղաքի՝ 2023 թվականի բյուջեի վարչական մասով ծրագրված 112 միլիարդ 84 միլիոն դրամի ընդամենը եկամուտների դիմաց փաստացի մուտքագրվել է 113 միլիարդ 494 միլիոն դրամ՝ ապահովելով 101,3 տոկոս: Այդ մասին Երևանի ավագանու՝ մարտի 12-ի նիստին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը՝ ներկայացնելով Երևան քաղաքի՝ 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին հարցը:

«Սեփական եկամուտները ծրագրվել են 44 միլիարդ 355 միլիոն դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 50 միլիարդ 91 միլիոն դրամ կամ 113 տոկոս:

Սեփական եկամուտների փաստացի հավաքման ցուցանիշը ավելի է 2022 թվականի համապատասխան ցուցանիշից 14 միլիարդ 694 միլիոն դրամով:

2023 թվականին բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 111 միլիարդ 165 միլիոն դրամի ծախսեր՝ կազմելով ճշտված ծրագրի 90 տոկոսը:

Նախատեսված և փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, կնքված անցումային պայմանագրերով, պատվիրակված լիազորությունների մասամբ չիրականացմամբ»,- ասաց նա:

Փաստացի ծախսերից 100 միլիարդ 456 միլիոն դրամն ուղղվել են ընթացիկ ծախսերին՝ վարչական բյուջե: Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը կազմել են 7 միլիարդ 839 միլիոն դրամ:

«2023 թվականի բյուջեի ծրագրված, ճշտված 11 միլիարդ 232 միլիոն դրամ պակասուրդի դիմաց բյուջեում փաստացի կատարվել է 3 միլիարդ 664 միլիոն դրամի հավելում»,- եզրափակելով խոսքը՝ ասաց Վիլեն Արևշատյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել