Միրզոյանն ու Բոնոն քննարկել են խաղաղության պայմանագիրը և անվտանգային իրավիճակը տարածաշրջանում
 |civilnet.am|
13:43 - 13 մարտի, 2024

Միրզոյանն ու Բոնոն քննարկել են խաղաղության պայմանագիրը և անվտանգային իրավիճակը տարածաշրջանում |civilnet.am|

civilnet.am: Մարտի 13-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին։

Հայաստանի արտգործնախարարության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին:

«Նախարարը զրուցակցին է ներկայացրել վերջին զարգացումները՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ: Մասնավորապես, շեշտվել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը հավատարմության և սահմանազատման հետագա գործընթացն Ալմա-Աթայի հռչակագրի, ամուր իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա իրականացնելու կարևորությունը: Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը վերահաստատել է գործընթացը հանրաճանաչ սկզբունքների՝ ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության հիման վրա կյանքի կոչելու հարցում ՀՀ հետևողական մոտեցումը»,- ասված է հաղորդագրությունում։

Միրզոյանն ու Բոնոն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ քաղաքական երկխոսության օրակարգի և գործընկերության հետագա զարգացման հարցերի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել