armenpress.am: Պեկինում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նրա Չինաստանի գործընկեր Վան Իի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Հանդիպումից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վան Ին նշել է, որ երկու երկրները պետք է ընտրություն կատարեն «կայուն կերպով առաջ շարժվելու» և «հարաբերությունների անկման վերադառնալու» միջև։ Չինաստանի արտգործնախարարը նաև նշել է, որ Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունները կայունացել են, սակայն «հարաբերություններում բացասական գործոնները դեռ շարունակում են ավելանալ»։
Իր հերթին Բլինքենը հույս է հայտնել, որ կողմերն առաջընթաց կգրանցեն երկու երկրների նախագահների կողմից համաձայնեցված համագործակցության հարցերում, ինչպես նաև կհարթեն առկա տարաձայնությունները, ինչը պահանջում է ակտիվ դիվանագիտություն։
«Դեմ առ դեմ դիվանագիտությանը ոչինչ չի փոխարինի», - Բլինքենի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Փակ դռների հետևում երկու դիվանագետների հանդիպումը կարող է տևել մի քանի ժամ։ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաները հանդիպումից առաջ հայտնել են, որ քննարկման թեմաներից մեկը կլինի Չինաստանի աջակցությունը Ռուսաստանին։ Հարավչինական ծովում կողմերը նույնպես տարաձայնություններ ունեն։ Իսկ Բլինքենի՝ Չինաստան ժամանումից ժամեր առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր Կոնգրեսի ընդունած օրինագիծը, որով 8 միլիարդ դոլար է տրամադրվում Չինաստանի ռազմական հզորությանը դիմակայելուն և Թայվանին պաշտպանական աջակցությանը։
Բլինքենի այցը վերջինն է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բարձր մակարդակով շփումների շարքում։ Երկու երկրների նախագահներ Ջո Բայդենը և Սի Ծինփինը նոյեմբերին հանդիպել էին Կալիֆորնիայում։
comment.count (0)