Սիրիայի հյուսիս-արեւմուտքին հումանիտար ճգնաժամ է սպառնում. ՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը |armtimes.com|
05:23 - 26 դեկտեմբերի, 2019

Սիրիայի հյուսիս-արեւմուտքին հումանիտար ճգնաժամ է սպառնում. ՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը |armtimes.com|

armtimes.com: Սիրիայի հյուսիս-արեւմուտքին հումանիտար ճգնաժամ է սպառնում. Այսպես է կարծում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիա Գուտերեշը: ՄԱԿ-ը կոչ է արել հակամարտող կողմերին ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը: Դեկտեմբերին, UNICEF-ի տվյալներով, Իդլիբում զոհվել են տասնյակ երեխաներ:

Միացյալ Ազգերի կազմակերպությունը անհանգստություն է հայտնել սիրիական կառավարական ուժերի կողմից Իդլիբում իրականացվող գործողությունների հետ կապված: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դեկտեմբերի 24-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը տարածաշրջանում:

Տասնյակ բնակավայրեր Իդլիբում, Հալեպում, Համայում տուժում են ավիահարվածներից, հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:

ՄԱԿ-ի մանկական հինադրամի՝ UNICEF-ի տվյալներով, դեկտեմբերի սկզբից մինչ հիմա Իդլիբում զոհվել է 65 երեխա, իսկ 2019 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում՝ 500:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է Սիրիայի հյուսիս-արեւմուտքին սպառնացող հումանիտար ճգնաժամի եւ դեպի Թուրքիա ուղեւորվող փախստականների նոր ալիքի մասին:

Միաժամանակ, դեկտեմբերի 25-ին հայտնի է դարձել նոր զոհերի մասին: Սիրիայի մարդու իրավունքների մոնիտորինգի խորհուրդը (SOHR) հայտնում է առնվազն 10 քաղաքացիական անձանց, ներառյալ 6 երեխայի մահվան մասին՝ ռուսական օդուժի ավիահարվածների հետեւանքով:

Հարվածները եղել են դպրոցի ուղղությամբ, որտեղ փախստականներ են եղել:

Ապրիլի վերջից ռուսական ռազմաօդային ուժերը եւ սիրիական կառավարական ուժերն իրականացրել են մի շարք ավիահարձակումներ Իդլիբ եւ Համա բնակավայրերի ուղղությամբ: Պաշտոնական Դամասկոսը նշում է, որ այդ հարձակումների թիրախը ջիհադական կառույցների ոչնչացումն է, սակայն տուժում են դպրոցներ եւ բժշկական հաստատություններ, հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել:

ՄԱԿ-ի հայտարարության համաձայն, ավելի քան 400 հազար մարդ է լքել նշված բնակավայրերը՝ ռազմական գործողություններից խուսափելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել