Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին
17:15 - 18 մարտի, 2024

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ 

Դեսպանի այցի նպատակն էր փոխանցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի նամակը Հայաստան կատարած պաշտոնական այցի, հաջողված փոխգործակցության եւ Հայաստան-Չեխիա, Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարների մասին:

«Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի պատվիրակության, ինչպես նաեւ իմ անունից ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Հայաստանի Հանրապետություն մեր պաշտոնական այցի ընթացքում ջերմ ընդունելության համար: Մեր փոխադարձ քննարկումները շատ ոգեշնչող էին ինձ համար, եւ ես խորապես հավատում եմ, որ դա մեր ավելի սերտ համագործակցության միայն սկիզբն է:

Ի նշան մեր աջակցության Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ձեր հավակնություններին` խնդրում եմ ընդունել նամակին կից եվրոպական դրոշը:

Ընդունե՛ք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,- ասվում է նամակում:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել չեխ գործընկերներին Հայաստանի եւ Չեխիայի միջեւ դինամիկ զարգացող հարաբերությունների եւ արգասաբեր այցի համար Հայաստան:

«Հայաստանը բարձր է գնահատում Մարկետա Պեկարովա Ադամովայի այցը եւ Չեխիայի անվերապահ աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման, Հայաստան-Չեխիա եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման գործում: Հայաստանը պատրաստ է սերտացնել ԵՄ-ի հետ հարաբերություններն այնքան, որքան դա թույլ կտա եվրոպական կողմը: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք արգասաբեր փոխգործակցության համար»,- ասել է խորհրդարանի նախագահը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի եւ այլ թեմաների շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել