news.am: Մենք ընդամենը կազմակերպել ենք մեր ընթացակարգը, և երբ մարդիկ ասում են՝ ոչ, սա այսպես էլ պետք է լինի, ես դա մի քիչ չեմ հասկանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սունդուկյան» թատրոնի ղեկավար Վարդան Մկրտչյանը՝ անդրադառնալով «Գոյի» թատրոնի աշխատակիցների դժգոհություններին, թե իրենց թույլ չեն տալիս մուտք գործել «Գոյ» թատրոն և պահանջում են անցաթուղթ։
Նրա խոսքով՝ իրենք բոլորը հավասար իրավունքների մեջ են և առավելություններ ունեցողներ չկան։
Հարցին՝ ինչու թույլ չեն տալիս աշխատակիցները մուտք գործեն թատրոն, նա պատասխանեց, որ թույլ են տալիս. «Ուզում ենք թատրոնը հարգեն, «Սունդուկյան» թատրոնի յուրաքանչյուր աշախատակից անցաթղթերը լրացրել է, թող իրենք էլ լրացնեն 1-2 օրվա ընթացքում քարտերը կտանք։ Մենք ասում ենք լրացնեիք մեկ շաբաթ առաջ, արդեն կմտնեիք, ի՞նչ խնդիր կա։ Եթե այս պահին լրացնեն, ապա 1-2 օրվա ընթացքում կստանան քարտերն ու արդեն մուտք կգործեն»,- ասաց նա։
Իսկ թե ինչպես է պատկերացնում «Գոյի» թատրոնի ներկայությունը «Սունդուկյանի» կազմում, նա արձագանքեց․ «Ես առաջնորդվում եմ կառավարության որոշումով, կա կառավարության որոշում և կարող է լինել «Գոյի» թատրոնը այս կազմի մեջ, ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Ես նաև պատկերացնում եմ, թե ինչպես կարելի է այդ թատրոնն առաջ մղել, դա արդեն իմ խնդիրն է»։
Մկրտչյանը շեշտեց, որ իր՝ «Սունդուկյան» թատրոն գալուց հետո այնքան ահռելի աշխատանքներ են կատարվել, որ միայն աշխատանքները բավարար չափով խոսում են իրենց մասին։ «Երբևէ տեսե՞լ եք 5-6 տարիների ընթացքում որևէ ղեկավար իր կառույցի համար այդչափ աշխատանք անի»,- ասաց նա։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել էր, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:
2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:
«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը: Նրանք առաջարկում են իրենց հնարավորություն տալ գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն, սակայն «Գոյ»-ի բեմում:
comment.count (0)