«Պատմական հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը»․ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում է
10:32 - 10 ապրիլի, 2024

«Պատմական հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը»․ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում է

ՀՀ կառավարությունը և անձամբ ես հանգել ենք այն համոզման, որ պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության 2023թ․ ծրագրի կատարողականը ներկայացնելիս։

Նա նշեց, որ միայն 2022 թվականին են ինքը և կառավարությունը հասկացել, որ ՀՀ անվտանգության ապահովման առանցքային գործոնը արհամարված է եղել պետականության հիմնադրման առաջին իսկ օրերից։ Ըստ նրա՝ այդ գործոնը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը։

Փաշինյանի խոսքով միայն 2022թ․ սեպտեմբերյան պատերազմից հետո համոզվել է, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումը կարող է լրացուցիչ ու որոշիչ գործոն դառնալ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար․ «Եվ այդ պահից փաստացի քաղաքական և հոգեբանական մի գործընթաց մեկնարկեց, որ կարելի է անվանել սահմանազատման գործընթաց պատմական Հայաստանի և իրական Հայաստանի միջև»։

Նա հավելեց, որ այդ սահմանազատման գործընթացը ավելի ցավոտ է ընթանում, քան Ադրբեջանի հետ սահմանազատումը, որովհետև այն տեղի ունենում բոլորի ներսում․ «Պատմական հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև այն սահմանափակող գործոն է պատմական Հայաստանի համար և նրան դրսևորվելու հնարավորություն չի տալիս։ Այս առումով կամա, թե ակամ պատմական հայաստանը ձայնակցում է մի շարք երկրների հետ, որոնք նկրտումներ ունեն իրական Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքների նկատմամբ, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանը նույնկերպ սահմանափակող գործոն է այդ երկրների ախորժակի համար»։

«Պատմական Հայաստանն ի դեպ առանցքային նշանակություն ունի մի շարք երկրների հետ մեր հարաբերությունների համար։ Այն երկրների մի խմբի հետ մեր թշնամանքի հարատև երաշխիք է և երաշխիք է, որ այդ երկրները մեր նկատմամաբ ագրեսիվ քաղաքականություն վարելու պատճառաբանություն և բացատրություն կունենան։ Պատմական Հայաստանը նաև երաշխիք է, որ մենք մեր միջավայրում առանց կողմնակի օգնության ապրելու հնար և գիտելիք չենք ունենա, և հետևաբար միշտ հովանավորի, ավագ ընկերոջ կարիք կունենանք։ Սա էլ երաշխիք է, որ մենք չենք ունենա իրական պետություն, իրական անկախություն, որովհետև պատմական Հայաստանի իրական տեսլականը մեզ միշտ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդը, որում հայտնվելով՝ մենք փրկչի ու հովանավորի կարիք կունենանք, առանց որի գոյատևել, գոյություն ունենալ չենք կարող։

Եվ ցեղասպանության վախը մեզ կպահի ֆորպոստի կարգավիճակում։ Ֆորպոստը ո՛չ սահմանի, ո՛չ տարածքային ամբողջականության, ո՛չ ինքնիշխանության, ո՛չ անկախության կարիք չունի, նա կարիք ունի միայն հովանավորության»,- ասաց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել