Հնարավոր չէ այնպիսի սցենար, որ նկարիչները զրկվեն «իրենց տնից». Փաշինյան |1lurer.am|
12:10 - 10 ապրիլի, 2024

Հնարավոր չէ այնպիսի սցենար, որ նկարիչները զրկվեն «իրենց տնից». Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Հնարավոր չէ այնպիսի սցենար, որ նկարիչները զրկվեն «իրենց տնից»: Հնարավոր է այնպիսի սցենար, որ ոչ միայն Նկարիչների միությունը, այլև բոլոր նմանատիպ կազմակերպությունները զրկվեն կամայական ձևով այդ շենքերը վաճառքի հանելու հնարավորությունից: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, թե վերջերս Նկարիչների միությունը ծանուցում է ստացել, որ գույքի սեփականության մասով որոշակի խնդիր կա, և նկարիչներն ուզում են վարչապետից մեկնաբանություն լսել, թե հնարավո՞ր է՝ այնպիսի գործընթաց լինի, որ նկարիչները զրկվեն իրենց գույքից՝ Նկարիչների միության շենքից:

Վարչապետը նախ հիշեցրեց, որ խոսակցությունները ինչպես են ծագել: Ըստ նրա՝ մեծ աղմուկ էր բարձրացել, որ «Սպարտակ» մարզադաշտը վաճառվում է, և երբ հետաքրքրվել է, պարզել է, որ կոմերցիոն վաճառք է տեղի ունեցել, և որ տարածքը պատկանում է մարզական միություններից մեկին: Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ կա խնդիր, և դա ծագել է, երբ Խորհրդային միության ժամանակ մարզական, ստեղծագործական միությունների գույքը ավտոմատ կերպով համարվել է այդ միությունների սեփակնությունը, մինչդեռ դա եղել է ՀԽՍՀ սեփականություն, այն է՝ պետության սեփականություն, և առանց պատշաճ ընթացակարգերի է փոխանցվել պետությանը: Ըստ Փաշինյանի՝ դա օրենքի «կոպտագույն» խախտում է, և այդ հարցը պետք է լուծել:

«Մարզական միությունների, ստեղծագործական միությունների տասնյակ գույքեր վաճառվել են, և ոչ ոք չգիտի՝ ինչպես է վաճառվել, ինչպես է գնորոշովել, հանրային վերահսկողոթյան ոչ մի մեխանիզմ գոյություն չունի, և մենք, ամենայն հարգանքով, այս խնդիրը լուծելու ենք»,- ասաց նա:

Ըստ վարչապետի՝ լուծման տարբերակներից մեկն այն է, որ միություններին պատկանող շենքերը հնարավոր լինի օտարել միայն հանրային լսումներից հետո, երբ կներկայացվի նախագիծ, կամ գուցե վաճառքի հանվելու դեպքում Կառավարությունն ունենա այդ շենքերի ձեռքբերման նախապատվություն կամ նվիրատվության նախապատվություն:

«Ասում եք՝ Նկարիչների միություն, բաց դա հանրային սեփականություն է, այսինքն՝ դա չի նշանակում, որ ով նկարիչ չէ, այդ գույքը իրենը չէ: Այդ գույքը, իհարկե, շատ հասկանալի իմաստով նաև իրենն է, և հետևաբար պատասխանը ուղիղ է՝ ո՛չ, հնարավոր չէ տարբերակ, որ նկարիչները զրկվեն իրենց շենքից, ստեղծագործական միությունները զրկվեն այդ շենքերից որևէ իմաստով, որովհետև կարող է նաև լուծում լինել, որ դա տրվի նաև անհատույց օգտագործման, անժամկետ և այլն, այսինքն՝ տարբերակները քննարկվում են: Բայց հարցը, որ պետք է լուծենք, հետևյան է՝ այդ բոլոր գույքերը՝ և՛ մարզական միությունների, և՛ մշակութային միությունների, և՛ այն միությունների, որոնք գույքը ստացել են Կառավարությունից, պետությունից թեկուզ անցման շրջանում, պետք է բացառվի այդ գույքերի օտարումը՝ առանց պատշաճ հանրային կամ օրենսդրական վերահսկողության»,- ասաց նա:

Գառնիկ Դանիելյանն արձագանքեց՝ նախկինում եղել են դեպքեր, երբ միության գույքը տարբեր պատճառներով վաճառվել է շատ չնչին գումարով, և դա քննության առարկա պետք է դառնա, իսկ առհասարակ նկարիչների խնդիրն այն է, որ շարունակեն ստեղծագործել և հավաքվել այնտեղ, որտեղ հավաքվում են, միջազգային գործընկերներ հրավիրել, քննարկումներ կազմակերպել:

Փաշինյանն էլ իր հերթին դիմեց նկարիչներին. «Այսօր ՀՀ-ում կառուցվում է 55 հազար բնակարան, և ուզում եմ կոչ անել նկարիչներին որոշակի ծրագրեր ունենալ, որպեսզի այդ բնակարանների պատերին կախվեն հայաստանցի նկարիչների նկարներ, որովհետև այդ պատերին նկարներ այսպես թե այնպես կախվելու են»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել