ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵՄ պատվիրակության անդամները պարեկություն են իրականացրել Երասխ և Պարույր Սևակ համայնքներում |armenpress.am|
14:29 - 10 ապրիլի, 2024

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵՄ պատվիրակության անդամները պարեկություն են իրականացրել Երասխ և Պարույր Սևակ համայնքներում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ընդունել է ԵՄ խորհրդի Քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամներին և նրանց տեղեկացրել  առաքելության մանդատի և գործունեության մասին։

Այս մասին ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Պատիվ է այսօր հյուրընկալել Եվրոպական միության խորհրդի Քաղաքական և անվտանգային հանձնաժողովի անդամներին և տեղեկացնել նրանց Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության մանդատի և գործունեության մասին։ Պատվիրակությունը միացել է Երասխ և Պարույր Սևակ համայնքների շրջանի պարեկությանը։ Շնորհակալ ենք դեսպան Դելֆին Պրոնկին և հարգարժան հյուրերին դրական արձագանքի համար», - նշվում է գրառման մեջ։

Ապրիլի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր ԵՄ խորհրդի Քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամներին՝ նախագահ Դելֆին Պրոնկի գլխավորությամբ։ Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետևողական զարգացումը և այդ համատեքստում ընդգծել ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման փաստը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է ԵՄ օժանդակության կարևորությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում՝ ընդգծելով, որ ժողովրդավարության հետևողական զարգացումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում, 2023 թ. հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածման կարևորությունը: Համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանական Հանրապետությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել