civilnet.am: Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը, փոխանցում է «Սպուտնիկի» ղազախական ծառայությունը։
«Նման բանակցություններ նախատեսվում են մեզ մոտ՝ Ալմաթիում։ Մենք հիմա կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև։ Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Մենք միայն բարի ծառայություն ենք մատուցում։ Եթե կողմերը խաղաղության հասնեն, և դա ստորագրվի մեզ մոտ, դրական ազդեցությունը կանդրադառնա ոչ միայն Ղազախստանի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,- ասել է Սմադիյարովը:
Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ղազախստանում։ Այսօր արդեն ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց։
Ապրիլի 15-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ասել էր, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար։
comment.count (0)