Մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի կճանաչվեն
16:02 - 18 ապրիլի, 2024

Մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի կճանաչվեն

Կառավարությունը ապրիլի 18-ի նիստում ընդունել է որոշում, որի արդյունքում քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի կճանաչվեն:

«Ինչպես նշել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, խոսքը վերաբերում է առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող, ուսուցանման ու գրագիտության հետ կապված անձանց զինվորական ծառայությունը ոչ պիտանի ճանաչելուն, ինչպես նաև ուրոլոգիական և նյարդաբանական համակարգի հիվանդությունների՝ առանց ախտանիշների հաստատված գիշերամիզություն հիվանդություն ունեցող պարտադիր ժամկետային զինծառողների զորացրման դեպքերին:

«Վերը նշված հիվանդությունների դրսևորման համապատասխան վիճակները առաջարկվում է ճանաչել սահմանափակում պիտանի զինվորական ծառայության համար, ինչպես նաև սահմանվում են զինվորական ծառայության սահմանափակումները, որոնց շրջանակում կիստաների առկայությամբ սահմանափակումները նախատեսվելու են զորամասի բժշկի կողմից, գիշերամիզություն հիվանդությամբ ծառայությունը շարունակվելու է օրվա հեշտացված կարգավիճակով, իսկ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող զինծառայողները չեն ընդգրկվում մարտական հերթապահության, արգելվում է տրանսպորտային միջոցներ և տեխնիկա վարելը, անձնակազմ ղեկավարելը»,- ասել է նախարարը:

Սուրեն Պապիկյանը պարզաբանել է՝ գիշերամիզությամբ այսօր էլ զորակոչվում են բանակ, խնդիրը հետագայում ծառայությունից ազատվելու մասին է: «Վիճակագրական տվյալները մեզ ցույց են տալիս, որ նկատվում է վերոնշյալ հիվանդություններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա: Խոսքն անգամների մասին է: Խորհրդակցել ենք նաև Առողջապահության նախարարության հետ, և խոսքն այնպիսի հիվանդությունների մասին է, որոնք ծառայության ընթացքում որևէ կերպ չեն կարող վնասել մարդու առողջությունը», -ասել է Սուրեն Պապիկյանը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հարցն ունի և՛ քաղաքական, և՛ մասնագիտական հիմնավորման խնդիր. «Երբ մենք վիճակագրությունները նայում ենք՝ տեսնում ենք, որ անկանոնությունները շատ են: Այս թեման ուսումնասիրելիս՝ մենք մի քանի պրոբլեմների հետ ենք բախվել, որովհետև շատ դեպքերում առաջնորդվում ենք լավատեսության կանխավարկածով, որ եթե խոսքը վերաբերում է հայրենիքին, հայրենասիրությանը և այլն, այդտեղ պետք չի շատ մեղավորության կանխավարկածով առաջնորդվել: Բայց երբ թեմաների մեջ խորանում ենք՝ տեսնում ենք, որ կան բազմաթիվ պրոբլեմներ, բազմաթիվ սողանքներ, և նաև մեր պրակտիկան է թույլ տալիս եզրակացնել, որ այդ սողանցքները լայնորեն օգտագործվում են: Վերջին շրջանում մեր իրավապահ համակարգում եթե չասեմ բազմաթիվ, գոնե մի քանի այդպիսի աղմկոտ դեպքեր հիշում եմ, երբ զորահավաքային համակարգի, առողջապահության համակարգի աշխատակիցների ներգրավմամբ ուղղակի սխեմաներ են գործում:

Պետական վերահսկողական ծառայության ստուգումների արդյունքում ընդհանրապես մենք մի զարմանալի փաստ հայտնաբերեցինք, որ ես անկեղծ ասեմ՝ այդպիսի բան իմ մտքով չէր էլ անցել, որ այդպիսին է պրակտիկան ընդհանարապես, երբ, օրինակ, որ զորակոչիկի, մարդու ուղեղում կիստա կա, դա արձանագրվում է, բայց հնարավոր չէ նույնականացնել այն հետազոտության տվյալը, որին հղում է արվում, հենց այդ մարդու հետազոտության տվյա՞լն է, թե՞ քսերոքսով բոլորի գործերի մեջ դնում ենք ու այդպես ազատում ենք: Այսինքն՝ այդ կարգի խորը խնդիրներ և պրոբլեմներ կան: Ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց ում մտքով կանցնի՝ լինել երկրի, կառավարության անդամ կամ վարչապետ կամ մտքովդ անցնի, որ երկրի պետության, ազգի էլիտար երկու մասնագիտություն ներկայացուցիչների միջև այդպիսի լայն համագործակցություն կա ընդդեմ պետության: Ո՞ւմ մտքով կարող է այդպիսի բան անցնել: Շատ էական է, որ այս ահազանգերը, այս իրավիճակները, մենք այդ համակարգերից չենք ստացել, համակարգերը չեն մեզ կարմիր դրոշ ծածանել, որ ժողովուրդ, այստեղ պրոբլեմ կա, կարգավորեք: Մենք լրիվ ուրիշ դեպքերով, ուրիշ տեղերով գնալով ենք հասկացել, որ այստեղ խնդիր կա: Բայց պետական համակարգի ամբողջ աշխատանքի իմաստը դրա մեջ է, որ այն առաջնային օղակների մարդիկ, ովքեր առնչվում են նման դեպքերի հետ, պետք է կառավարությանը, պետությանն ասեն՝ հարգելի կառավարություն, այսպիսի պրոբլեմ կա, վերադասության կարգով այդ ժամանակ պետք է զեկուցեն:

Հիմա ես ուզում եմ տալ հարց, որը հռետորական է և հռետորական չէ՝ իսկ ինչի՞ առողջապահության առաջնային օղակը չի զեկուցել մինչև նախարար, ինչի պաշտպանության առաջանային, զորահավաքային առաջնային օղակը չի զեկուցել մինչև նախարար: Ինչի՞: Համակարգն այդտեղ է համակարգ, որ վերադասության կարգով զեկուցում են, ասում են՝ պրոբլեմ կա: Ես չեմ հիշում մի դեպք, որ մեզ առաջնային օղակներից այդպիսի զեկույցներ եկած լինեն, չկա այդպիսի դեպք ուղղակի:

Այստեղ է խոր համակարգային, պետական համակարգի ճգնաժամը երևում: Մեր նախարարներն էլ պետք է հետևություններ անեն սրանից: Այս ամեն ինչով, ովքեր զբաղվել են մինչև հիմա, ինձ թվում է՝ էլ չպետք է զբաղվեն: Ով զբաղվել է վերջին 5 տարում և չի զեկուցել, որ այսպիսի պրոբլեմ կա, ինչքան էլ տգեղ հնչի, խնդիր եմ դնում, չեմ ասում՝ 1 օրվա ընթացքում, ամսվա ընթացքում, ընդհանրապես թող այդտեղ չաշխատի, թեմայի հետ թող առնչություն չունենա»»,- նշված է Կառավարության հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել