Ներկայացվել են ՀՀ պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները
09:33 - 25 դեկտեմբերի, 2024

Ներկայացվել են ՀՀ պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները

Դեկտեմբերի 23-24-ը Հայաստանի Հանրապետություն են այցելել Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի «Պաշտպանություն և անվտանգություն ավագ ծրագրի» ունկնդիրները և ղեկավար կազմը՝ կրթօջախի տնօրենի տեղակալ Նիկոլոզ Մելկաձեի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։

Ըստ ՊՆ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում ներկայացվել են ՀՀ պաշտպանության ոլորտում իրականացվող վերափոխումների գործընթացը, ինչպես նաև պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները։

«Վրաստանի պատվիրակությունը հյուրընկալվել է նաև ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, որտեղ կրթօջախի ղեկավար, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը ներկայացրել է համալսարանի գործունեության վերաբերյալ բանախոսություն։

ՊՆ ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները պատասխանել են «Պաշտպանություն և անվտանգություն ավագ ծրագրի» ունկնդիրների հարցերին։

Հայաստան կատարած այցի արդյունքներով՝ երկու երկրների ռազմաուսումնական հաստատությունների համագործակցության պատմության մեջ առաջին անգամ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր»,- հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել