ՎԶԵԲ-ի նախագահն առանձնացրեց Հայաստանում գործունեության 5 հենասյուները և խոշոր ընկերություններին կոչ արեց ներդրումներ կատարել երկրում
 |armenpress.am|
14:47 - 15 մայիսի, 2024

ՎԶԵԲ-ի նախագահն առանձնացրեց Հայաստանում գործունեության 5 հենասյուները և խոշոր ընկերություններին կոչ արեց ներդրումներ կատարել երկրում |armenpress.am|

armenpress.am: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասսոն առանձնացրեց Հայաստանում Բանկի գործունեության 5 հենասյուները։

ՎԶԵԲ-ի նախագահն այդ մասին խոսեց Բանկի տարեկան համաժողովի շրջանակներում կայացող «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, որը նորարարություն է գեներացնում» խորագրով քննարկմանն ունեցած ելույթի ընթացքում։

Նա նշեց, որ միջոցառումը մեծ հնարավորություն է Հայաստանի ներդրումային ներուժն աշխարհին առաջ մղելու համար։ Եվ գովելի է տեսնել երկրի վերջին ժողովրդավարացման ջանքերն ու իշխանությունների ամուր հանձնառությունն այս ուղղությամբ։

«Մենք իսկապես տեսել ենք ուժեղ առաջընթաց քաղաքականության թափանցիկության, ինչպես նաև խոսքի ազատության հարցում: Եվ Հայաստանում կա կենսունակ գործարար համայնք, և մենք հպարտ ենք, որ աջակցում ենք երկրի մասնավոր հատվածին և տնտեսությանը»,- իր խոսքում նշեց բանկի նախագահը:

Նա հիշեցրեց, որ ՎԶԵԲ-ը մինչև հիմա Հայաստանում կատարել է ավելի քան երկու միլիարդ եվրոյի ներդրում․ միայն վերջին հինգ տարիների ընթացքում ներդրվել է մոտ 640 մլն եվրո, որից 80%-ը՝ մասնավոր հատվածում։  

«Միայն 2024 թվականի համար մենք կանխատեսում ենք ներդրումների աննախադեպ ծավալ, մինչև 500 միլիոն եվրո, և դա կլինի պատմական մակարդակը այս երկրում մեր ներդրումների համար։ Սա մեր ամուր համագործակցության արտացոլումն է ինչպես երկրի պետական, այնպես էլ մասնավոր հատվածի հետ»,- ասաց նա:

Ըստ ՎԶԵԲ-ի նախագահի՝ Հայաստանում Բանկի գործունեության հենասյուներն են տեղեկատվական տեխնոլոգիաները, ֆինանսական հատվածի ճկունությունը, բիզնես միջավայրը, կանաչ հավակնությունները և տարածաշրջանային հավաքականությունը:  

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մի բնագավառ է, որտեղ Հայաստանն ունի ուժեղ փորձ: Շնորհիվ իր մարդկային կապիտալի, մրցունակ գործառնական ծախսերի և սփյուռքի հզոր ցանցի, Հայաստանը գրավել է բազմազգ ընկերությունների հետաքրքրությունը․ այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Siemens-ը, Nvidia-ն և այլն: Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին իր հավակնոտ թվային փոխակերպման գործում՝ ներդրումներով և քաղաքականության խորհրդատվություններով, որոնք նորարարությունների և առաջընթացի հնարավորություն են տալիս»,- ընդգծեց բանկի նախագահը:

Օդիլ Ռենո-Բասսոն որպես երկրորդ ոլորտ առանձնացրեց Հայաստանում ֆինանսական հատվածը և նշեց, որ այն շատ դիմացկուն է:

«Հայաստանի ֆինանսական հատվածը վերջին մի քանի տարիների ընթացքում ցուցաբերել է կայունության ամուր մակարդակ: Սա բխում է հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության միջոցառումներից, որոնք խոհեմ են, և մենք մի շարք արդյունավետ համագործակցություններ ենք ունեցել Հայաստանի կենտրոնական բանկի հետ՝ կենտրոնանալով ներքին դրամական շուկայի վրա, որպեսզի, օրինակ, զարգացնենք ֆինանսավորումը տեղական արժույթով: Մենք նաև շարունակաբար աշխատում ենք տեղական գործընկեր բանկերի հետ մասնավոր հատվածի ֆինանսական հնարավորությունների ընդլայնման համար։ Առաջիկա օրերին մենք կստորագրենք ութ լրացուցիչ վարկային գիծ»,- տեղեկացրեց Ռենո-Բասսոն։

Հայաստանում որպես ՎԶԵԲ-ի գործունեության երրորդ հենասյուն նա նշեց բիզնես միջավայրը։

«Այստեղ ես ուզում եմ հարգանքն արտահայտել և կարևորել ներդրումային խորհրդի դերը Հայաստանում: Նրա հիմնական առաքելությունն է դյուրացնել երկխոսությունը մասնավոր և պետական հատվածի միջև: Այն իրականացնում է կարևոր բարեփոխումներ։ Սա ներառում է հարկային պարզեցումներ բիզնեսի համար, սուբսիդիաներ բարձր տեխնոլոգիաների առաջխաղացման համար և աշխատանքային դատարանի բարեփոխումներ: Եվ ես հասկանում եմ, որ շարունակական մտքեր կան այն մասին, թե ինչպես ավելի գնալ առաջ»,- ասաց նա:

Նա հավելեց, որ կառավարության, դոնոր համայնքի և մասնավոր հատվածի հետ ամուր գործընկերությունը այդ հարթակի շնորհիվ մեծ հաջողություն ունի։

«Չորրորդ հենասյունը Հայաստանի կանաչ օրակարգն է: Երևանն առաջին փորձնական քաղաքներից էր, որը միացավ EBRD-ի Կանաչ քաղաքների շրջանակին: Կանաչ քաղաքների շրջանակը նպատակ ունի խթանել գործընկերությունը քաղաքապետարանների հետ՝ առաջնահերթություն տալով կլիմայական ներդրումներին քաղաքային տարածքների համար: ՎԶԵԲ-ի ներդրումները վերջին հինգ տարիների ընթացքում նպաստել են երկրում տարեկան ավելի քան 210,000 տոննա ածխածնի արտանետումների գնահատված կրճատմանը։ Սա հավասար է ավելի քան 500,000 մեքենա երկրի ճանապարհներից դուրս բերելուն, ուստի սա բավականին նշանակալի ազդեցություն է»,- ընդգծեց նա:

Որպես հինգերորդ և վերջին հենասյուն նա առանձնացրեց ուշադրությունը տարածաշրջանային կապի նկատմամբ և նշեց, որ Ուկրաինայի դեմ պատերազմը մեծացնում է Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը և Եվրոպան կապող տարածաշրջանային կապի աճող պահանջարկը՝ ապահովելու կայունությունը Եվրոպայի և Ասիայի միջև միջազգային առևտրում:

«Դա իր հերթին Հարավային Կովկասի տարածաշրջանը և հատկապես Հայաստանը դարձնում է գրավիչ օղակ միջազգային առևտրի և ներդրումների համար: Տրանսպորտի ոլորտում սպասարկման և նոր նախագծերի ներդրումները առանցքային են տարածաշրջանային հաղորդակցությունը խթանելու համար, որն այնքան անհրաժեշտ է: Եվ դա իր հերթին կարագացնի աճը և կդիվերսիֆիկացնի մասնավոր հատվածը: Այսպիսով, ՎԶԵԲ-ն աջակցում է Հայաստանին և՛ ենթակառուցվածքները վերականգնելու, և՛ առևտուրը բարելավելու համար:  

Մեր նշանակալից նախագծերից էր Հայաստանի և Վրաստանի միջև սահմանային անցակետի ընդլայնումը, ինչը նշանակալի ազդեցություն ունեցավ տարածաշրջանային կապի վրա»,- ասաց Բանկի նախագահը:

Նա հայտարարեց, որ Հայաստանը շարունակում է մնալ տոկուն բազմաթիվ դժբախտությունների դիմաց՝ հստակեցնելով, որ տնտեսությունը շարունակել է բարձր ցուցանիշներ գրանցել 2023 թվականին։   

ՎԶԵԲ-ի նախագահը նաև անդրադարձ կատարեց անցյալ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին և դրանց հետևանքներին՝ նշելով, որ Հայաստանը փախստականների մեծ ճգնաժամ ապրեց:

«Այսպիսի կարճ ժամանակահատվածում այս արտակարգ իրավիճակի հետ վարվելու ձևը հիացմունքի էր արժանի: Աջակցություն տրամադրելու համար մենք մշակեցինք Հայաստանի փախստականների արձագանքման ծրագիրը՝ խթանելու մարդկային կապիտալի զարգացումը և ընդլայնելու հնարավորությունները փախստականների և տեղացիների համար: Եվ, ինչպես միշտ, մեր դոնորները կարևոր դեր են խաղում այս ծրագրում: Այնուամենայնիվ, մնում են բազմաթիվ մարտահրավերներ, և դա կպահանջի միջին և երկարաժամկետ զարգացման միջամտություններ: Փախստականները պետք է ինտեգրվեն աշխատաշուկայում, և երկիրը պետք է խթանի մարդկային կապիտալի զարգացումը: Ենթակառուցվածքը նույնպես պետք է գերազանցվի և բարելավվի՝ բավարարելու փախստականների հոսքի պահանջները։  Այս միջոցառման, այս ամենամյա հանդիպման անցկացումը Հայաստանում հարգանքի տուրք է մեր ընդհանուր ձեռքբերումներին»,- եզրափակեց Ռենո-Բասսոն՝ հույս հայտնելով, որ մյուսները ևս Հայաստանում ներդրումներ կատարելու պատրաստակամություն կհայտնեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել