Սահմանին գազի գինը չի թանկանա ամբողջ 2020 թվականի համար. փոխվարչապետ 
|armtimes.com|
11:16 - 20 հունվարի, 2020

Սահմանին գազի գինը չի թանկանա ամբողջ 2020 թվականի համար. փոխվարչապետ |armtimes.com|

armtimes.com: Սահմանին գազի գինը չի թանկանա ամբողջ 2020 թվականի համար. դա այլեւս պայմանավորված հարց է: Այս մասին այսօր «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով քննարկման ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Պայմանավորվածություն կա նաեւ, որ մինչեւ ապրիլի 1-ը սակագնի ոչ միայն փոփոխություն տեղի չի ունենա, այլեւ հայտ չի ներկայացվի»,- նշեց փոխվարչապետը:

Նշենք, որ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնել էր, թե չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար: Իսկ «Գազպրոմ Արմենիա»-ն նշել էր, որ սակագնի վերանայման հարցն ընկերությունում քննարկվում է:

Մհեր Գրիգորյանն ասաց, որ, այնուամենայնիվ, հիմա ընթանում են քննարկումներ, որոնք դեռ ամփոփված չեն: Նա այս պահին հայտ ներկայացնելու որեւէ պատճառ չի տեսնում. «Ապրիլի 1-ից հետո չի կարելի բացառել, որ հայտ կներկայացվի: Մեր բնակարաններում գազի գնի փոփոխման հարցի համար պետք է սպասենք մինչեւ ապրիլի 1-ը: Այդ ժամանակ ավելի հստակ կլինեն մեր պատկերացումները»:

Հարցին՝ պետությունը պլանավորո՞ւմ է փոխհատուցել բնակչությանը, եթե գազի գինը թանկանա, Գրիգորյանը պատասխանեց. «Երբ որ հայտ ներկայացվի, կլինի հիմնավորվածություն, բնականաբար, կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի, եւ չեմ կարծում՝ պրոբլեմների առաջ կանգնենք»:

Նա նշեց, որ կառավարությունը փոխհատուցման հնարավորություն ունի՝ հավելելով, որ որեւէ էքստրեմալ, դրամատիկ խնդիր չկա գազի սակագնի հնարավոր բարձրացման հարցում:

Փոխվարչապետն ասաց, որ գազի սակագնի վրա ազդող երեք հիմնական բաղադրիչ կա՝ գազի գինը սահմանին, ընթացիկ ծախսերը եւ ներդրումային ծրագիրը. «Կա պնդում, դատողություն, որ ՀՀ տարածքում անվտանգ, անխափան եւ արդյունավետ գազի մատակարարում կազմակերպելու եւ իրականացնելու համար անհրաժեշտ են ներդրումներ: Այո՛, ներդրումային ծրագրերի հետ կապված ցանկություններ կան, որ իրականացվեն որոշակի ներդրումներ, որովհետև դա անվտանգության, արդյունավետության խնդիր է: Հնարավոր է, որ ներդրումների հետ կապված, այնուամենայնիվ, «Գազպրոմ Արմենիան» նոր ասելիքներ ունենա: Այդ խնդիրը բաց, թափանցիկ կքննարկվի, եթե նման հարց առաջանա»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել