Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի աշակերտների թիվը մի քանի հարյուրով գերազանցում է արտոնագրով թույլատրված թվաքանակին․ Վահրամ Սողոմոնյան
17:03 - 19 հունվարի, 2020

Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի աշակերտների թիվը մի քանի հարյուրով գերազանցում է արտոնագրով թույլատրված թվաքանակին․ Վահրամ Սողոմոնյան

Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի և «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ Վահրամ Սողոմանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որում անդրադառնում է դպրոցի խնդիրներին։ Վահրամ Սողոմոնյանը մասնավորապես նշում է․

«Անցած ամիսների ընթացքում մշտապես խոսել ենք, որ փակ սենյակից դպրոցը կառավարել հնարավոր չէ։ Պետք է շրջայց անցկացնել, ծանոթանալ դպրոցի պայմաններին, հանդիպել ծնողների, մանկավարժների, աշակերտական խորհրդի հետ։ Կարծես թե այդ առաջարկները հավանության են արժանացել, բայց դպրոցի տնօրինությունը չի կազմակերպել այդ գործողությունները։ Խորհրդի որոշումների մի մասը չի կատարվել։

Այժմ տնօրենի թափուր հաստիքի մրցույթ է հայտարարվել, ժամանակավոր պաշտոնակատար կա։

Բայց կարևորն այն է, որ կառավարման խորհրդի վերջին նիստի ժամանակ ես ասացի, որ, եթե պետք է տնօրեն ընտրենք դպրոցի համար, ապա շատ կարևոր է, որ ինքներս ծանոթ լինենք դպրոցի ֆիզիկական պայմաններին և խնդիրներին, հանդիպենք մարդկանց հետ, որպեսզի կարողանանք հիմնավորված և ողջամիտ որոշում կայացնել։

Ինչ-որ ձևով աշակերտական խորհրդի հետ հանդիպումը և շրջայցը ստացան կողմ ձայներ, բայց խորհրդի անդամների մեծ մասը, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության աշխատակցուհին (ինչն ինձ համար զարմանալի էր), կտրականապես դեմ արտահատվեցին ծնողական համայնքի և մանկավարժների հետ հանդիպմանը։

Հիմա անդրադառնանք դպրոցի կոնկրետ խնդիրներին․

  • դպրոցը, որն ունի 54 մլն․ դրամ ազատ մնացորդ, որի մասին կարող ենք տեղեկանալ Ֆինանսների նախարարության կայքից, և համարվում է Երևանի լավագույն դպրոցներից մեկը, կարելի է ասել, որ այդ դպրոցի միայն անունն է մնացել, և կրթության առումով շատ լուրջ խնդիրներ կան այստեղ։ Փաստն այն է, որ մաթեմատիկա առարկայից դպրոցի աշակերտների 40 և ավել տոկոսն անբավարար է ստանում։
  • դպրոցի աշակերտների թիվը մի քանի հարյուրով գերազանցում է արտոնագրով թույլատրված աշակերտների թվաքանակին, ինչը խնդիրներ է ստեղծում հատկապես տարրական դասարանների համար՝ գերծանրաբեռնված պայմաններում աշխատելու առումով։ Երբեմն նույնիսկ երեք աշակերտ մեկ դասասեղանի շուրջ է նստում։
  • աշակերտական խորհրդի հետ հանդիպումը շատ հետաքրքիր էր, և մենք շատ հետաքրքիր զրույց ունեցանք։ Աշակերտներն էլ շատ խնդիրներ բարձրաձայնեցին։ Նրանք էլ իրենց հերթին անդրադարձան դպրոցի գերծանրաբեռնվածությանը, որը չի կարող չանդրադառնալ կրթության որակին։
  • քիմիայի և ֆիզիկայի լաբորատորաները գտնվում են նույն վիճակում, ինչ իննսունականներին էին։ Այսինքն՝ դպրոցը որևէ կերպ չի արդիականացրել, չի վերազինել, չի կահավորել իր լաբորատորիաները։
  • դպրոցում կա ընդհամենը 3 պռոյեկտոր։ Երեխաները դրանից չեն օգտվում։
  • ինֆորմատիկայի դասասենյակում մենք տեսանք ջարդված ստեղնաշարեր և համակարգիչներ, որոնք չեն օգտագործվում կամ դրանք հնարավոր չէ օգտագործել։
  • Ֆիզկուլտուրայի դահլիճում գտնվում էին մարզասարքեր, որոնք չեն փոխվել 30 տարիների ընթացքում։ Այն մարզասարքերը, որից կախվում և մարզումներ են անում, պոկված էին պատից և վտանգ էին ներկայացնում աշակերտների համար։ Հանդերձարաններն առանց օդափոխության էին»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել