Փոխվարչապետը ԵԱՏՀ խորհրդի նիստի շրջանակում բարձրացրել է Վերին Լարսի անցակետում կուտակումների խնդիրը |armenpress.am|
15:25 - 30 սեպտեմբերի, 2019

Փոխվարչապետը ԵԱՏՀ խորհրդի նիստի շրջանակում բարձրացրել է Վերին Լարսի անցակետում կուտակումների խնդիրը |armenpress.am|

armenpress.am:   ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի շրջանակում ընդգծել է, որ «Վերին Լարս» անցակետում հերթերի և տրանսպորտային միջոցների կուտակման խնդիրը խոչընդոտ է ԵԱՏՄ շրջանակներում ներքին շուկայի զարգացման ու խթանման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխվարչապետն արտահերթ հարցը բարձրացրել է մինչև նիստի օրակարգով նախատեսված հարցերի քննարկումը:

Գրիգորյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել նշված խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:

Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը «Վերին Լարս» անցակետում իրավիճակի առնչությամբ հայտնել են, որ խնդիրը պայմանավորված է կշռման ընթացակարգի և բացահայտված գերբեռնվածության դեպքերի հետ: Ռուսական կողմը հայտնել է նաև, որ ներկայում անցակետում գտնվում են 450 տրանսպորտային միջոց, որոնց բացթողումը նախատեսվում է իրականացնել մինչև հոկտեմբերի 1-ի երեկո:

Հայկական և ռուսական կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել օպերատիվ կապ պահպանել և լուծել առաջացած խնդիրները առավելագույնը երկու օրվա ընթացքում` պարբերաբար փոխանակելով տեղեկատվություն իրավիճակի վերաբերյալ:

Այնուհետև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացած նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ինտեգրման զարգացմանը և առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վերին Լարսի անցակետում հերթերը հիմնականում գոյացել են Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս եկող մեքենաների դեպքում, այլ ոչ թե մեկնող։ Խնդիրը հիմնականում բեռների՝ սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմաներին անհամապատասխանությունն էր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել