pmg.am։ Անձնական հիգիենայի պահպանումը մեծ նշանակություն ունի ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ կանանց ֆիզիկական և հոգեկան առողջության և բարեկեցության համար:
Եվրոպական բանտային կանոնների 19.4-րդ կանոնի համաձայն՝ պետք է համարժեք հնարավորություններ ստեղծել, որպեսզի ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ կարողանա կլիմային համապատասխան ջերմաստիճանի պայմաններում ցնցուղ ընդունել կամ լողանալ, ընդ որում՝ հնարավորության դեպքում ամեն օր, սակայն շաբաթն առնվազն երկու անգամ։ Նշված կանոնների 19.7-րդ կանոնով էլ ամրագրվում է, որ հատուկ պայմաններ պետք է ապահովվեն կանանց սանիտարական կարիքների համար։
ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի №1543-Ն որոշման հավելվածի 36-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր կալանավորված անձ կամ դատապարտյալ լոգանք կամ ցնցուղ պետք է ընդունի կլիմային համապատասխան ջերմաստիճանի պայմաններում` առնվազն յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ, իսկ հնարավորության դեպքում` ավելի հաճախակի, եթե դա անհրաժեշտ է ընդհանուր հիգիենայի պահպանման համար:
Այդուհանդերձ, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն բազմիցս անդրադարձել է այս խնդրին և առաջարկել ավելացնել անազատության մեջ պահվող անձանց լոգանք ընդունելու հաճախականությունը՝ հիմք ընդունելով Եվրոպական բանտային կանոնների 19.4-րդ կանոնը, համաձայն որի՝ պետք է համարժեք հնարավորություններ ստեղծել, որպեսզի ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ կարողանա կլիմային համապատասխան ջերմաստիճանի պայմաններում ցնցուղ ընդունել կամ լողանալ, ընդ որում՝ հնարավորության դեպքում ամեն օր, սակայն շաբաթն առնվազն երկու անգամ (իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախ)՝ ելնելով ընդհանուր հիգիենայի պահպանության նպատակից:
Հաշվի առնելով կանանց համար հիգիենայի պահպանման առանձնահատկությունները՝ չափազանց կարևոր է նրանց ապահովել լոգանքի և հիգիենայի պահպանման պատշաճ պայմաններով՝ նախատեսելով համապատասխան հարմարանքներ և ավելի հաճախ լոգանք ընդունելու հնարավորություն։ Անհրաժեշտ է նաև հավելել, որ Հայաստանի վերաբերյալ ԽԿԿ-ի 2016 թվականի զեկույցում, ի թիվս այլ առաջարկների, նախատեսված է եղել, որ լոգանք ընդունելու հնարավորություն պետք է ընձեռվի առնվազն շաբաթը երկու անգամ:
Դիորդների խումբը այդ խնդիրը արձանագրել է նաև 2019 թվականի հունիսին ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ: Այսպես, հիմնարկում լոգանքը շաբաթը մեկ անգամ է թույլատրվում, ինչը կանանց դեպքում անձնական հիգիենայի ապահովման տեսանկյունից բավականին քիչ է։ Այս հարցը քննարկվել է հիմնարկի աշխատակազմի հետ, վերջիններս տեղեկացրել են, որ ՀՀ Կառավարության 03.08.2006թ. N 1543-Ն որոշմամբ սահմանված ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով նախատեսվում է լոգանք՝ շաբաթը 1 անգամ։
Խմբի դիտարկմամբ՝ հիշյալ կանոնակարգի 47-րդ կետի համաձայն՝ կալանավորված անձի կամ դատապարտյալի` յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ անգամ ցնցուղով լոգանք ընդունելու տևողությունը պետք է կազմի առնվազն 15 րոպե: Ինչը ենթադրում է, որ շաբաթը 1 անգամը նվազագույն շեմն է, և որևէ իրավական արգելք չկա, որպեսզի հիմնարկը լոգանք տրամադրի շաբաթական 1 անգամից ավել։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ շոգ եղանակային պայմաններում կանանց դեպքում հաճախակի լոգանքի ընդունումն անհրաժեշտություն է, Խումբը առաջարկել է ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում լոգանքի ընդունումը դարձնել ավելի հաճախ։
Ի պատասխան Խմբի դիտարկմանը՝ ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ հաշվի առնելով ամառվա եղանակային պայմանները՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի վարչակազմի կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները հիմնարկի կալանավորված անձանց և դտապարտյալներին հնարավորության սահմաններում մեկից ավելի անգամ ցնցուղով լոգանք ընդունելու հնարավորությամբ ապահովելու ուղղությամբ:
Նույն այցի ընթացքում դիտորդները նաև արձանագրել են, որ կարճատև տեսակցությունների սենյակների դռների վրա առկա են քառակուսի անցքեր, որոնք բաց են՝ որևէ ապակիով փակված չեն, ինչը խախտում է ազատազրկված և նրանց տեսակցության եկած անձանց խոսակցության գաղտնիությունը:
Այդ հարցը ևս քննարկվել է հիմնարկի աշխատակիցների հետ: Վերջիններս տեղեկացրել են, որ այդ անցքերը չեն փակվել անվտանգության նկատառումներից ելնելով, որպեսզի խոսակցության բնույթից ելնելով՝ անհրաժեշտության դեպքում կարողանան միջամտել:
Խումբը գտնում է, որ տեսակցությունը կարող է կազմակերպվել քրեակատարողական ծառայության աշխատակցի տեսողության, սակայն անպայմանորեն լսողության սահմաններից դուրս։ Ուստի առաջարկել է կարճատև տեսակցությունների սենյակների դռների անցքերը փակել ապակիով (կամ այլ կերպ)՝ խոսակցության գաղտնիությունը ապահովելու համար։
Նշվածի կապակցությամբ նախարարությունից տեղեկացրել են, որ անցքերը ապակեպատվել են, և տեսակցող անձանց խոսակցությունները որևէ կարգով լսելի չեն հսկողություն իրականացնող քրեակատարողական ծառայողներին:
comment.count (0)